Վեդիի դեպքով առաջիկայում խափանման միջոցների կիրառման որոշումներ կլինեն․ Աննա Վարդապետյան
06 Մայիսի 2026, 18:27
Արարատի մարզի Վեդի քաղաքում անչափահաս քույրերի վերաբերյալ հանրային լայն արձագանք ստացած դեպքով նախաձեռնված վարույթը գտնվում է Գլխավոր դատախազության անմիջական ուշադրության ներքո։
Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Ազգային ժողովում պատգամավորի հարցին ի պատասխան՝ գլխավոր դատախազը նշել է, որ դեպքի մասին տեղեկացել է անմիջապես հանրայնացումից հետո։
«Վեդիի դեպքի մասին տեղեկացել եմ անմիջապես, երբ հանրայնացվել է»,-ասել է Վարդապետյանը՝ ընդգծելով, որ նմանատիպ դեպքեր նախկինում ևս արձանագրվել են տարբեր մարզերում։
Նրա խոսքով՝ համանման իրավիճակներ արձանագրվել են ոչ միայն Արարատի և Գեղարքունիքի մարզերում, այլև Երևանում և Շիրակի մարզում, որտեղ երեխաները ներգրավված են եղել պոռնոգրաֆիկ բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ։
Գլխավոր դատախազը նշել է, որ դատախազությունը դեռ տարիներ առաջ նման դեպքերից հետո միջնորդագրեր է ուղարկել իրավասու մարմիններին՝ առաջարկելով դատախազությանը ներգրավել կանխարգելիչ հանձնաժողովների աշխատանքներում։
«Ինչքան էլ մենք հետո քննենք, խիստ խափանման միջոցներ ընտրենք, այն տրավման, որը պատճառվել է, հնարավոր չէ ամբողջությամբ բուժել կամ հետևանքները վերացնել»,-ընդգծել է Վարդապետյանը։
Վարդապետյանի խոսքով՝ նման հանցագործությունների դեպքում հաճախ թիրախավորվում են խոցելի խմբերը, այդ թվում՝ հատուկ կարիքներ ունեցող անչափահասները։
Նա անդրադարձել է նաև դատավարական գործողությունների ընթացքում անչափահասների մասնակցության առանձնահատկություններին՝ նշելով, որ օրենքը պահանջում է մանկավարժի և հոգեբանի ներգրավում, ինչպես նաև հարցաքննությունների հատուկ զգայուն մոտեցում։
«Դատախազությունը շատ հետևողական է այդ հարցում»,-ասել է գլխավոր դատախազը։
Վարդապետյանը հայտնել է, որ Վեդիի դեպքով նախաձեռնված վարույթը գտնվում է Գլխավոր դատախազության անմիջական վերահսկողության ներքո և առաջիկայում կքննարկվեն նաև խիստ խափանման միջոցների կիրառման հարցերը։
«Կարճ ժամանակ հետո նաև խափանման միջոցի վերաբերյալ ձեր մտահոգությունը դուրս կգա, որովհետև այս մասով մենք խիստ խափանման միջոցների ենք գնում»,-նշել է նա։
Գլխավոր դատախազը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նման հանցագործությունները երբեմն կազմակերպվում են անգամ քրեակատարողական հիմնարկներից։
Նրա խոսքով՝ կան դեպքեր, որոնք հանրայնացված չեն եղել, երբ անձինք ազատազրկման վայրերից իրականացրել են հանցավոր գործողություններ, իսկ ստացված գումարները տարբեր մեխանիզմներով փոխանցվել և օրինականացվել են այլ անձանց միջոցով։
«Սա ամբողջական գործընթաց է, որը մշտապես գտնվում է մեր ուշադրության կենտրոնում»,-ընդգծել է Վարդապետյանը։
Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ Վեդի քաղաքում անչափահաս քույրերի նկատմամբ ենթադրյալ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում իրականացվում են վարութային և ապացուցողական գործողություններ։
Ըստ Քննչական կոմիտեի՝ առաջին դեպքը վերաբերում է 2026 թվականի փետրվարին ներկայացված հաղորդմանը, համաձայն որի՝ Վ.Ե.-ն օգտվելով անչափահաս աղջկա անօգնական վիճակից՝ կատարել է անառակաբարո գործողություններ։
Նախաքննության ընթացքում անչափահասը ցուցմունք է տվել, որ տվյալ անձը իրենց ընտանիքի բարերարն է և իր հետ սեռական հարաբերություն չի ունեցել։
Երկրորդ վարույթը վերաբերում է մեկ այլ անչափահաս քրոջ հաղորդմանը, ըստ որի՝ անհայտ անձը իրեն մեքենայով տարել է քաղաքի եկեղեցու հարակից տարածք և սեռական հարաբերություն ունեցել իր հետ։
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ անչափահասը նախաքննության ընթացքում տվել է իրարամերժ ցուցմունքներ, իսկ նրա նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն։
Քննչական կոմիտեն նաև հորդորել է զերծ մնալ անչափահասներին նույնականացնող կամ չճշտված տեղեկությունների տարածումից՝ նրանց լավագույն շահը պաշտպանելու նպատակով։