Վեհափառին դատարան հրավիրելը անընդունելի և դատապարտելի է․ Արամ Ա

06 Օգոստոսի 2026, 22:35

Քաղաքականություն

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը անընդունելի և դատապարտելի է համարել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին դատարան հրավիրելը։ Այս մասին հայտարարություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն։

Արամ Ա-ի խոսքով՝ ինքը մշտական կապի մեջ է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և նրա հետ քննարկում է ազգային ու հայրենական կարևորության հարցերը։

«Երկու Վեհափառներս մշտական կապի մեջ ենք միմյանց հետ և խորհրդակցում ենք մեր հայրենիքին ու ազգին հուզող խնդիրների շուրջ։ «Մեր խոր ընդվզումը հայտնեցինք Գարեգին Վեհափառին և նույնիսկ առաջարկեցինք դատարան չներկայանալ, այլ ուղարկել իր ներկայացուցչին»,- նշված է հայտարարության մեջ։

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը պետական պատասխանատուներին կոչ է արել հարգալից վերաբերմունք ցուցաբերել Հայ Առաքելական Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի նկատմամբ։ Նա ընդգծել է, որ առկա հարցերը պետք է քննվեն փոխադարձ հասկացողության և պատշաճության սահմաններում՝ միաժամանակ հարգելով ինչպես պետության օրենքները, այնպես էլ եկեղեցու ներքին կարգն ու կանոնները։