«Վերնագիրը կոնտեքստից կտրված էր և մանիպուլյատիվ․ դա «Հայաստան» դաշինքի դիրքորոշումը չէ»․ Աննա Գրիգորյանը՝ Ղրիմի թեմայով աղմկահարույց հարցազրույցի մասին

05 Հոկտեմբերի 2026, 13:15

Քաղաքականություն

«Ոչ սկզբնական պնդումներն են ճիշտ, ոչ էլ եզրահանգումը։ Ես շնորհակալ եմ հարցադրման համար, որովհետև գիտեմ, որ աղմուկ է հանել այդ վերնագիրը։ Չեմ ասում իմ հայտարարությունը, այլ հենց վերնագիրը, որովհետև այն չէր արտացոլում այն, ինչ ես հնչեցրել եմ հարցազրույցում․ այն և՛ կոնտեքստից կտրված էր, և՛ մանիպուլյատիվ։ Բարեբախտաբար, հետո «Factor TV»-ն փոխել է վերնագիրը և դարձրել «Հայաստանի Հանրապետությունը…», ինչը փաստ է»։

Այս մասին, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով իր նախորդ հարցազրույցի շուրջ բարձրացած աղմուկին, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Անդրադառնալով բուն խնդրո առարկային՝ Ղրիմի կարգավիճակին և դրա վերաբերյալ ընդդիմադիր դաշինքի դիրքորոշմանը, նա հստակեցրել է, որ ինքն ընդամենն արձանագրել է պետության պաշտոնական մոտեցումը։

«Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես չի ճանաչել Ղրիմը Ռուսաստանի կազմում։ Ես դա որպես փաստ եմ ներկայացրել՝ որպես Հայաստանի Հանրապետության դիրքորոշում։ Իհարկե, այնտեղ ներկայացվեց, թե իբր դա «Հայաստան» դաշինքի դիրքորոշումն է։ Դա «Հայաստան» դաշինքի դիրքորոշումը չէ։ Ես խոսել եմ Հայաստանի Հանրապետության պետական դիրքորոշումից, կրկնում եմ՝ ընդամենը փաստելով իրողությունը»,- ընդգծել է բանախոսը։

Պատասխանելով այն հարցին, թե իրականում որն է դաշինքի տեսակետն այս աշխարհաքաղաքական հարցի շուրջ, Աննա Գրիգորյանը հղում է կատարել ՀՀ երկրորդ նախագահի խոսքերին․
«Ես կարող եմ ասել հետևյալը․ այդ համատեքստում կարելի է կարդալ ուղղակի 2016 թվականին Ռոբերտ Քոչարյանի հայտնի հարցազրույցը, որտեղ նա հստակ ձևակերպումներ ունի այդ մասով։ Եթե անկեղծ լինենք, անցնող տարիներին մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել հիմնականում Հայաստանի տարածքային ամբողջականության և դրա վերականգնման հնարավորությունների մասին, և այլ աշխարհաքաղաքական կենտրոններին անդրադարձ ունենալու շատ առիթներ չենք էլ ունեցել։ Բայց կրկնում եմ, եթե հետաքրքիր է, առաջարկում եմ բացել 2016 թվականի Ռոբերտ Քոչարյանի հայտնի հարցազրույցներից մեկը, որտեղ նա այդ հարցին անդրադառնում է»։

Եզրափակելով խոսքը՝ Գրիգորյանը ևս մեկ անգամ շեշտադրել է, որ հարցազրույցում հնչեցվածը փաստացի Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն էր, որի արձանագրումը չպետք է որևէ նոր հարց կամ տարակարծություն առաջացներ։

Հիմա եթերում