Վինձորների ընտանիքում առաջին հայուհին․ Սամուել Չատտոնն ու Էլեոնորա Էքսերջյանը նշանվել են

15 Հուլիսի 2026, 21:10

Հայեր

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամ Սեմյուել Չատտոն, որը Եղիսաբեթ II-ի քրոջ` Սնոուդոնի կոմսուհի արքայադուստր Մարգարետի թոռն է, ամուսնության առաջարկություն է արել հայուհի Էլեոնորա Էքսերջյանին։

Նախօրեին զույգը սոցիալական ցանցերում հայտնել է նշանադրության մասին և հրապարակել լուսանկարներ, որոնցից մեկում նշված է՝ «Լուսանկարչական խցիկ Երևանում, Հայաստան»։ Սեմյուելը ամուսնության առաջարկությունն արել է իր իսկ ձեռքով պատրաստած ճենապակյա մատանիով։

Նշվում է, որ նրանց հարսանիքը տեղի կունենա 2027 թվականի գարնանը։

Էլեոնորան ծնվել է արվեստագետների ընտանիքում։ Նրա հայրը՝ Դեյվիդ Էքսերջյանը արվեստաբան է, Լեսթերի համալսարանի արվեստի պատմության և կինոյի պատմության պրոֆեսոր, իսկ մայրը՝ Սյուզան Մուրը, երկար տարիներ հոդվածներ է գրում հեղինակավոր «Financial Times» պարբերականի համար։

dialogorg.ru-ի փոխանցմամբ՝ Էլեոնորայի պապը՝ գնդապետ Նուբար Մարտին Էքսերջյանը, սերում էր հայկական ազնվական տոհմից․ Էքսերջյանների տոհմը եղել է Օսմանյան կայսրության ազդեցիկ և հարուստ հայկական ընտանիքներից մեկը։ Գնդապետ Էքսերջյանը ղեկավարել է Իրաքի նավթային ընկերությունը, որը հիմնադրել էր Գալուստ Գյուլբենկյանը։