Վիրտուոզություն և զգացմունքային խորություն․ Եվա Գևորգյան

15 Ապրիլի 2026, 22:00

Հայեր

Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը ծնվել է 2004 թվականի ապրիլի 15-ին Մոսկվայում՝ ստեղծագործական ընտանիքում։ Նրա մայրը ալտահարուհի է, սովորել է կոնսերվատորիայում, և հենց նա է դարձել ապագա դաշնակահարուհու առաջին ներշնչման աղբյուրը։

Երաժշտությունը Եվայի կյանքի անբաժան մասն է եղել մանկությունից։ Նրա ռուս-հայկական արմատները ձևավորել են նրա մշակութային ինքնությունը։

Եվայի երաժշտական կրթությունը սկսվել է Մոսկվայի Պ․ Ի․ Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի կենտրոնական երաժշտական դպրոցում, որտեղ ուսանել է պրոֆեսոր Նատալյա Տրուլի դասարանում։ 2022 թվականին շարունակել է ուսումը Մոսկվայի կոնսերվատորիայում։ Միաժամանակ Եվան ընդունվել է Մադրիդի Escuela Superior de Musica Reina Sofia կոնսերվատորիան՝ պրոֆեսոր Ստանիսլավ Յուդենիչի դասարան:

Նրա մասնագիտական վարպետությունը կատարելագործվել է նաև հեղինակավոր միջազգային ակադեմիաներում։ Նա սովորել է Իտալիայում գործող «Lago di Como» միջազգային դաշնամուրային ակադեմիայում՝ այնպիսի վարպետների մոտ, ինչպիսիք են Ուիլյամ Գրանտ Նաբորեն, Դմիտրի Բաշկիրովը և Ստանիսլավ Յուդենիչը։ Մասնակցել է նաև լեգենդար դաշնակահարներ Պաուլ Բադուրա-Սկոդայի, Պավել Գիլիլովի, Պյոտր Պալեժնիի և Բորիս Պետրուշանսկու վարպետության դասերին։

Գևորգյանը բազմաթիվ մրցանակների դափնեկիր է։ Նա դարձել է միջազգային մրցույթների հաղթող և մրցանակակիր Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում։ Նրա նվագացանկում ընդգրկված են ստեղծագործություններ՝ ռոմանտիզմի դասականներից մինչև ժամանակակից կոմպոզիտորներ։ Եվան զբաղվում է նաև ստեղծագործական գործունեությամբ՝ գրելով սեփական երաժշտություն։

Եվան ելույթները է ունենում աշխարհի առաջատար բեմերում՝ Նյու Յորքի«Քարնեգի հոլ»-ից մինչև Եվրոպայի և Ասիայի համերգասրահներ։ Նա համագործակցում է հայտնի դիրիժորների և նվագախմբերի հետ, իսկ նրա համերգները մշտապես արժանանում են քննադատների բարձր գնահատականին։ Նրա կատարումներում վիրտուոզությունն ու զգացմունքայնությունը ներդաշնակորեն միահյուսվում են՝ ստեղծելով առանձնահատուկ արտահայտչականություն։

Եվա Գևորգյանը ժամանակակից աշխարհի ամենափայլուն երիտասարդ դաշնակահարուհիներից է, որի կարիերան զարգանում է արագ և վստահ քայլերով։ Նրա անունն արդեն հնչում է համաշխարհային երաժշտական ասպարեզում, իսկ ապագան խոստանում է նոր նվաճումներ և բացահայտումներ։