Վլադիմիր Պուտինը շնորհավորել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Նունե Ասատրյանին

19 Մարտի 2025, 09:20

Սպորտ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նունե Ասատրյանին, Ելենա Գապեշինային, Անաստասիա Շամոնովային և Սալտանատ Մեդենովային՝ Սերբիայում կայացած Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) կանանց աշխարհի 2025 թվականի առաջնությունում տարած հաղթանակի կապակցությամբ:

«Հարգելի Նունե Գրիգորովնա, Ելենա Վասիլևնա, Անաստասիա Վլադիմիրովնա, Սալտանատ Սերիկովնա։ Շնորհավորում եմ ձեզ կանանց բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի աշխարհի առաջնությունում վառ, համոզիչ հաղթանակի առթիվ: Այս հեղինակավոր մրցաշարի ոսկու ճանապարհին դուք դրսևորել եք տաղանդ և վարպետություն, իսկական չեմպիոնի տրամադրվածությամբ, բնավորության և կամքի ուժով, ազնիվ և անզիջում մենամարտերով վաստակել եք հանդիսատեսի ճանաչումը: Կեցցե՛ք: Վստահ եմ, որ Սերբիայի Նիշ քաղաքում Ռուսաստանի հավաքականի ընդհանուր թիմային հաղթանակը ձեզ կոգեշնչի հասնել նորանոր հաջողությունների կյանքում և սպորտում: Մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություն», — ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ մարտի 16-ին կրասնոդարցի Նունե Ասատրյանը ոսկե մեդալ էր նվաճել Սերբիայի Նիշ քաղաքում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում՝ եզրափակչում հաղթելով Ղազախստանը ներկայացնող Վիկտորյա Գրաֆեևային:

Նունե Ասատրյանը ծնվել է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում։ Նա Ռուսաստանի եռակի չեմպիոն է։