Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Վերին Լարսով 20 հազար ռուսաստանցու սահմանը հատելու մասին տեղեկությունը
19 Օգոստոսի 2026, 18:22
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հերքել է ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը, թե վերջին մեկ օրվա ընթացքում «Վերին Լարս» սահմանային անցակետով Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի 20 հազար քաղաքացի։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։
Մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի և Վրաստանի սահմանը հատել է ավելի քան 20 հազար մարդ՝ նշելով, որ նման դինամիկա նկատվում է արդեն մի քանի օր շարունակ։ Ըստ այդ տվյալների՝ օգոստոսի 15-ին և 16-ին «Վերին Լարս» անցակետով օրական անցել է ավելի քան 19 հազար մարդ։
«Հասարակությանը տեղեկացված պահելու նպատակով ցանկանում ենք պարզաբանել, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և առանձին շահագրգիռ անձանց կողմից ապատեղեկատվություն տարածելու նպատակ է հետապնդում։ Պարզաբանում ենք, որ վերջին 24 ժամվա տվյալներով՝ Վրաստանի պետական սահմանը «Վերին Լարս» մաքսային-անցակետով հատել է տարբեր երկրների 7 880 քաղաքացի», — ասվում է Վրաստանի ՆԳՆ հաղորդագրության մեջ։