Վրաստանում սկսել են վերականգնել Վահան Տերյանի տուն-թանգարանը

11 Մայիսի 2024, 19:10

Մշակույթ

Վրաստանի Գանձա գյուղում հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի տուն-թանգարանում սկսվել են վերականգնողական աշխատանքները: Այս մասին գրում է jnews.ge-ն:

Պարբերականի տեղեկություններով՝ տարբեր տարիների իրականացվել են մասնակի, հատվածական վերանորոգման աշխատանքներ, սակայն դրանք համակարգային բնույթ չեն կրել։

Տեղեկացվում է նաև, որ մայիսի 3-ին Երևանում տեղի է ունեցել Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնմանը նվիրված բարեգործական երեկո։

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի տնօրեն Սամվել Մկոյանը նշել է՝ հույս ունի աշխատանքները կավարտվեն մինչև Վահան Տերյանի 140-ամյակը, որը նշվելու է 2025 թվականին:

Այս պահին հավաքվել է 162 հազար դոլար։ Իսկ նախագծի ամբողջ բյուջեն կազմում է 300 000 դոլար, ուստի դրամահավաքը դեռ շարունակվում է։