Վրաստանը ալկոհոլային խմիչքներով 52 հայկական բեռնատարի թույլատրել է հատել սահմանը
05 Հունիսի 2025, 21:30

Վերին Լարսի անցակետով Հայաստանից Ռուսաստան կամ Բալթյան երկրներ ալկոհոլային խմիչքներ արտահանող տասնյակ բեռնատարների լաբորատոր ստուգումների մասին հաղորդվում է շուրջ 2 ամիս: Ստուգումների ձգձգումների պատճառով հայ արտահանողները ֆինանսական վնասներ են կրում։ ՀՀ էկոնոմիկայի նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ այդ հարցը քննարկել է Հայաստանում Վրաստանի պաշտոնյաների հետ, և, ըստ նրա, պետք է հասկանալ, թե պատճառները որոնք են և գտնել ինստիտուցիոնալ լուծում:
«Վերջին երկու շաբաթվա ընթացքում ոչ մի մեքենա Վրաստանից դուրս չի եկել դեպի Ռուսաստան։ Երկար ու դժվարին բանակցությունների արդյունքում այսօր էական տեղաշարժ է արձանագրվել», — հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նշենք, որ օրերս ալկոհոլային խմիչքների հայաստանյան մեկ տասնյակից ավելի արտադրողներ դիմել են պետական և միջազգային կառույցներին, մասնավորապես, ՀՀ ԱԺ-ին, ՀՀ էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարություններին, ՎԶԵԲ-ին, ՄԱԿ-ին, ԵԱԶԲ-ին և ԱՀԿ-ին՝ խնդրելով շտապ գնահատել Վրաստանի մաքսային տարածքով հայկական ապրանքների տարանցման լարված իրավիճակը: