Հայաստանից ավելի քան 22 հազար վարդերի մուտքն արգելվել է Վրաստան

09 Հուլիսի 2026, 10:28

Տնտեսություն և Բիզնես

Վրաստանի «Սադախլո-ավտոմոբիլային» և «Նինոծմինդա» մաքսային անցակետերում մաքսային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են Հայաստանից 22 290 կտրված վարդ տեղափոխող երկու բեռնատար։ Այս մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։

Սահմանին ստուգումից հետո մասնագետները պարզել են, որ բեռը չի համապատասխանում Վրաստանի ֆիտոսանիտարական պահանջներին։ Ծաղիկների վրա հայտնաբերել են կենդանի վնասատուներ և դրանց կենսագործունեության հետքեր։

Վրաստանի կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 20-ի №463 որոշման համաձայն՝ ծաղիկների խմբաքանակի մուտքը երկիր չի թույլատրվել և այն ենթակա է վերադարձման արտահանող երկիր՝ Հայաստան։