Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել

10 Հուլիսի 2026, 18:15

Հայեր

Այսօր՝ հուլիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատ քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղում քաղաքացի է ընկել Խաչաղբյուր գետը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին փրկարարները, քաղաքացիները ենթադրյալ անկման վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա գետից դուրս են բերել Տավուշի մարզի բնակիչ, 19-ամյա Էրիկ Ս.-ի մարմինը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա անզգուշաբար վայր է ընկել և գլուխը հարվածել քարերին։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ջրահեղձ եղած տղան ՀՀ պաշտպանության նախարարության «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինծառայող էր։