Խաչվերացի տոնը նշվել է Ղրիմում և Աբխազիայում
14 Սեպտեմբերի 2026, 15:45
Սուրբ Խաչ վանքում (Հին Ղրիմ) Խաչվերացը՝ Տիրոջ Սուրբ Խաչի փառավոր տոնը, նշվել է հատուկ հանդիսավորությամբ։ Սուրբ Պատարագը մատուցել է Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Երեմիան՝ վանքի վանահայր Տարոն վարդապետ Գուլիկյանի առաջնորդությամբ։
Պատարագից հետո հոգևորականները վանքի բակում կատարել են «Անդաստանի» ծեսը, որը հատուկ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և դրա նպատակն է արգասաբերություն, պտղաբերություն բերել դաշտերին ու այգիներին: Անդաստանի ժամանակ օրհնվում են եկեղեցու չորս կողմերը, որպես աշխարհի չորս կողմերի խորհուրդ։
Անդաստանի ավարտին հավատացյալներին բաժանել են ռեհանի տերևներ։
Նշենք, որ Աբխազիայի Հանրապետության հայ համայնքը նույնպես նշել է Խաչվերացը՝ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը։