«Խաղալիքների պատմություն 5» մուլտֆիլմում կհայտնվի հայկական արմատներ ունեցող նոր կերպար

31 Մայիսի 2026, 12:00

Մշակույթ

Ամերիկյան «Entertainment Weekly» պարբերականի հաղորդմամբ՝ «Pixar» ստուդիայի նոր ֆիլմում հանդիսատեսը կծանոթանա եռանդուն ու կենսուրախ ութամյա աղջնակի՝ Բլեյզ Մանուկյանի հետ։ Նա սիրում է կենդանիներին և ձիավարությունը, իսկ նրա ծագումը՝ աֆրոամերիկացի և հայ ծնողների ընտանիքից լինելը, Բլեյզին դարձնում է «Pixar»-ի առաջին կերպարը, որն ունի հայկական արմատներ։

«Խաղալիքների պատմություն 5»-ի պրեմիերան նախատեսված է 2026 թվականի հունիսի 19-ին։

Բլեյզի ձայնը հնչեցրել է 14-ամյա դերասանուհի Մայքլ-Միշել Հարիսը։ Սյուժեի համաձայն՝ նա կարևոր դեր է խաղում կովբոյ Ջեսսիի պատմական գծում։

Ֆիլմի պրոդյուսեր Լինդսի Քոլինզը նշել է, որ նախնական ցուցադրությունների ընթացքում Բլեյզը անմիջապես դարձել է հանդիսատեսի սիրելի կերպարներից մեկը.

«Ջեսսիից հետո հենց Բլեյզն էր ամենասիրված կերպարը։ Ծնողներն ասում էին. «Կցանկանայի, որ իմ երեխան Բլեյզի նման ընկեր ունենար»»։