Խաղաղության պայմանագիրը ստորագրեք, սահմանադրությունը մեզ թողեք. Վարդևանյանը՝ Փաշինյանին
18 Նոյեմբերի 2026, 20:29
Խաղաղության պայմանագիրը նախաստորագրել եք, ստորագրե՛ք այն։ Սահմանադրությունը դրա հետ որևէ կապ չունի, դա մեր ինքնիշխան իրավունքն ու ներքին գործն է։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Անդրադառնալով Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ իշխանությունների հայտարարություններին՝ ընդդիմադիր պատգամավորն ընդգծել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը չպետք է պայմանավորվի Հայաստանի ներքին սահմանադրական գործընթացներով։
Վարդևանյանը հիշեցրել է, որ գործող իշխանությունները նախկինում երբևէ կասկածի տակ չեն դրել Մայր օրենքի նախաբանի դրույթները՝ վկայակոչելով նաև սահմանազատման և սահմանագծման գործընթացի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը։
«Ժողովուրդը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը՝ սահմանադրական մեծամասնություն չտալով «Քաղաքացիական պայմանագրին»՝ նույնիսկ պատերազմի սպառնալիքի ներկայացման պայմաններում։ Սա փաստ է»,- հավելել է Արամ Վարդևանյանը։