«Խաղաղության խաչմերուկ» կոչվածը լրջության բացակայության մի քանի ասպեկտ ունի. Լիլիա Ամիրխանյան

26 Հոկտեմբերի 2023, 22:20

Կարծիք | Քաղաքականություն

«Խաղաղության խաչմերուկ» կոչվածը լրջության բացակայության մի քանի ասպեկտներ ունի։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը՝ պարզաբանելով, թե ինչ է իրենից ներկայացնում այդ նախագիծը։

«Ի՞նչ է «Խաղաղության խաչմերուկ» կոչվածը։ 2022 թ-ին Հյուսիս-Հարավ տրանսպորտային ենթակառուցվածքին ավելացվեց Արևմուտք-Արևելք ուղղությունները և դա անվանափոխվեց և ներկայացվեց` որպես «Հայկական խաչմերուկ»։ Բայց, ընդամենը մեկ տարի անց այն կրկին վերաձևակերպվեց՝ դառնալով «Խաղաղության խաչմերուկ»։ Սա տնտեսական նախագիծ չէ, այլ լուրջ աշխարհաքաղաքական կոմպոնենտ ունի։ Բայց, առաջին հերթին, կուզեի ուշադրություն դարձնել նախագծի լրջության բացակայության մի քանի ասպեկտների։ Առաջին հերթին, Հայաստանի համար առաջնային ու օրակարգային խնդիրը պետք է լինի «Խաղաղության խաչմերուկ» կոչվածը՝ ի դեմս տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման։

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանը հաշտ է բոլոր այն գործընթացների հետ, որոնք տեղի են ունեցել նախորդ 3 տարիներին և այժմ եկել հասել է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հայկական նախաձեռնությունը առաջ քաշելու հարցին։

«Մենք դեռևս 2020 թվականի պատերազմից հետո ունենք նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունը, որով սահմանված մի շարք կետեր կյանքի չեն կոչվել, Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան, Արցախում տեղի ունեցածը։ Արդյո՞ք հաշտ ենք այդ գործընթացների հետ, այլևս ասելիք չունե՞նք կամ դրանք չե՞ն առաջնային և օրակարգային հարցերը, եկել հասել ենք տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հայկական նախաձեռնությունը առաջ քաշելու հարցին։ Այսինքն, սա հարցադրում է, որի մասին, առնվազն, պետք է մտածել։ Միջազգային գործընկերներին մեր ասելիքը ո՞րն է իրականում։ Այսինքն, այն բոլոր գործընթացները, որ տեղի են ունեցել, դրանց մասին մենք պահանջներ չունե՞նք»,- եզրափակեց Ամիրխանյանը։