Խիստ կասկածում եմ, որ մոտ ապագայում կալանավորվածներն ազատ կարձակվեն․ Աշոտ Ավետիսյան
27 Հունիսի 2025, 20:12
Սամվել Կարապետյանը մեծ գործարար է, որը տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրումներ է կատարել Հայաստանում և Արցախում: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի դասախոս Աշոտ Ավետիսյանը:
«Այստեղ խնդիրն ավելի խորքային է: Եթե մարդն իր գաղափարները կիսում է, ասում է՝ եթե դուք քաղաքական մակարդակով չեք կարողանում իրար հետ լեզու գտնել, ապա ես կփորձեմ միջամտել: Միգուցե մարդը պատրաստվում էր միջնո՞րդ հանդիսանալ: Երկրորդ հարցն արժեքային հարցն է: Ի՞նչ է կատարվում եկեղեցի-պետություն համատեքստում: Ես այստեղ եկեղեցի-պետության խնդիր չեմ տեսնում: Ես տեսնում եմ խնդիր մարդկային անհավատալիքների մեջ: Կանոնավոր եկեղեցի հաճախող քրիստոնյան չի կարող ոչ կոռեկտ հայտարարություններ անել եկեղեցու հասցեին»,- նշել է Աշոտ Ավետիսյանը:
Ըստ նրա՝ խնդիրն ազգային գիտակցության հողի վրա է: Մարդկանց հոգևոր ազատությունները, նրա խոսքով, սահմանափակվում են: «Ինչպես տեսանք, այս ամենը հանգեցրեց կալանավորումների շարքի: Խիստ կասկածում եմ, որ մոտ ապագայում կալանավորվածներն ազատ կարձակվեն»,-հավելել է Աշոտ Ավետիսյանը:
Նրա կարծիքով՝ այս ամենի մեջ մեծ դեր ունի սփյուռքը.
«Սփյուռքահայությունը մեծ դեր ունի մեր արժեքային բազայի տարածման գործում: Սփյուռքը, կարելի է ասել, ավելի շատ անելիք ունի: Օրինակ, ՌԴ-ում ազգային համակարգի պահպանողը եկեղեցին է: Պետք է մեր սերունդներին սովորեցնենք, որ եկեղեցին, պետությունը, լեզուն արժեք են, հայ լինելն արժեք է»: