Ընդհատված թռիչք․ Համլետ Մխիթարյանի կյանքն ու ժառանգությունը

14 Սեպտեմբերի 2026, 22:00

Հայեր

Ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանը ծնվել է 1962 թվականի սեպտեմբերի 14-ին Երևանում։ Ֆուտբոլի հանդեպ նրա սերն ու տաղանդը դրսևորվել են դեռ պատանեկության տարիներին։ 1980 թվականին նա իր նորամուտն է նշել Երևանի «Արարատ»-ի կազմում։ Այդ տարիներին թիմն անցնում էր զարգացման նոր փուլով՝ 1970-ականների փառահեղ հաղթանակներից հետո, իսկ Մխիթարյանը կարճ ժամանակում դարձել է թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը։

Խորհրդային բարձրագույն լիգայում նա իրեն դրսևորել է որպես արդյունավետ հարձակվող։

1984 թվականի մրցաշրջանում Մխիթարյանը խփել է 18 գոլ՝ զիջելով միայն Սերգեյ Անդրեևին, և «Советский воин» ամսագրի կողմից արժանացել է «Գրոհների ասպետ» մրցանակին։ Նա աչքի էր ընկնում հզոր հարվածով, ճիշտ պահին դիրքավորվելու և մրցակցից առաջ անցնելու հմտությամբ, ինչպես նաև խաղի վճռորոշ պահերին գոլ խփելու կարողությամբ։ «Արարատ»-ի կազմում նա անցկացրել է ավելի քան 170 հանդիպում՝ խփելով 46 գոլ։

1988 թվականին Մխիթարյանը տեղափոխվել է Աբովյանի «Կոտայք», որտեղ շարունակել է բարձր արդյունավետությամբ հանդես գալ։ Շուտով նա հայտնվել է Ֆրանսիայում՝ դառնալով արևմտաեվրոպական ակումբներում հանդես եկած առաջին հայ ֆուտբոլիստներից մեկը։ 1989-1994 թվականներին նա խաղացել է «ASOA Valence»-ում՝ ֆրանսահայերի կողմից ստեղծված ակումբում։ Մխիթարյանի խաղն ու փորձը կարևոր նշանակություն են ունեցել թիմի՝ երրորդ դիվիզիոնից մինչև Լիգա 2 հասնելու ճանապարհին։ Հետագայում նա կարճ ժամանակ հանդես է եկել նաև «ASA Issy»-ում՝ մեկ այլ ակումբում, որը ևս ստեղծվել էր ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների նախաձեռնությամբ։

Մխիթարյանի կարիերան ընդհատվել է ծանր հիվանդության՝ գլխուղեղի ուռուցքի պատճառով։ Չնայած մի քանի վիրահատություններին՝ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Հիվանդության դեմ երկար պայքարից հետո նա վերադարձել է Երևան։ 1996 թվականի մայիսի 6-ին ընդհատվել է նրա կյանքը․ նա ընդամենը 33 տարեկան էր։

Համլետ Մխիթարյանը նշանակալի հետք է թողել հայկական ֆուտբոլի պատմության մեջ։ Նրան համարում էին իր սերնդի լավագույն հարձակվողներից մեկը։ 1994 թվականին նա երկու հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում՝ այն ժամանակ, երբ նորանկախ երկրի հավաքականը դեռ նոր էր սկսում իր պատմությունը։

Համլետ Մխիթարյանի կյանքում կարևոր և առանձնահատուկ տեղ է զբաղեցրել ընտանիքը։ Նրա ամենամեծ ժառանգություններից մեկը որդին՝ Հենրիխ Մխիթարյանն է՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագն ու եվրոպական ֆուտբոլի ճանաչված աստղը։ Շատերը նշում են, որ ֆուտբոլային տաղանդն ու խաղի նկատմամբ սերը Հենրիխը ժառանգել է հենց հորից։

Համլետ Մխիթարյանն իր ողջ կյանքը նվիրել է ֆուտբոլին։ Նրա կարիերան կարող էր շատ ավելի փայլուն շարունակություն ունենալ, եթե չլիներ ծանր հիվանդությունը։ Այնուամենայնիվ նրա անունը հավերժ մնացել է երկրպագուների հիշողության մեջ՝ որպես 1980-ականների հայկական ֆուտբոլի ամենավառ ներկայացուցիչներից մեկը։