Ընտրողների ավելի քան 50%-ը մերժել է Փաշինյանի քաղաքական կուրսը․ Տիգրան Քոչարյան
20 Հունիսի 2026, 00:01
Հայաստանի քաղաքական դաշտում կրկին ակտիվացել են ընդդիմադիր ուժերի միավորման մասին քննարկումները։ Ընդդիմության գլխավոր նպատակն էլեկտորալ գործընթացներից հետո մնում է նույնը՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնից։ Այս ֆոնին Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը մատնանշել է այն փաստը, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանն այլևս չունեն ժողովրդի մեծամասնության մանդատը։
Տիգրան Քոչարյանի դիտարկմամբ՝ ընդդիմադիր դաշտում հաճախ սխալ հաշվարկ են անում՝ իրար գումարելով միայն հստակ ընդդիմադիր կուսակցությունների ձայները և պնդելով, թե միայն այդքան մարդ է դեմ գործող վարչապետին։ Մինչդեռ, ըստ նրա, պատկերն անհամեմատ ավելի լուրջ է։
«Եկեք հասկանանք՝ նույնիսկ եթե մարդը գնացել ու ընտրել է Արամ Սարգսյանին կամ մեկ այլ ուժի, նա ունեցել է իր պատճառները Նիկոլ Փաշինյանին ձայն չտալու համար։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական թվերով, որոնց նկարված լինելու մասին շատերն են խոսում, Փաշինյանը հավաքել է ընդամենը 49․92% ձայն։ Սա նշանակում է, որ նա չունի ընտրության եկած քաղաքացիների պարզ մեծամասնությունը»,- պարզաբանել է Տիգրան Քոչարյանը։
Ըստ նրա՝ ընտրողների 50%-ից ավելին կազմող քաղաքացիները տարբեր պատճառներով մերժել են Փաշինյանի կուրսը։ Դրա պատճառ կարող էր հանդիսանալ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելը, Արարատ լեռան խորհրդանիշի հեռացումը, եկեղեցու վրա հարձակումները, կամ արտաքին քաղաքական այլ վեկտորներ։
Տիգրան Քոչարյանն ընդգծել է, որ եթե ընտրական գործընթացից դուրս բերվեն իշխանության կիրառած ադմինիստրատիվ լծակները, իրավիճակն էլ ավելի կտրուկ կլինի։ Նա թվարկել է այն քայլերը, որոնք, ըստ էության, պետական մակարդակով կարող էին ունենալ ընտրողներին ազդելու՝ սիրաշահելու կամ ճնշելու բնույթ։