Յուրի Հովհաննիսյան. Նրա անունը մտել է համաշխարհային գիտության պատմության մեջ
14 Ապրիլի 2025, 23:50

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Ապրիլի 14-ին ռուսաստանաբնակ հայազգի ականավոր գիտնական, փորձարարական միջուկային ֆիզիկայի մասնագետ, ՌԴ ԳԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը նշում է ծննդյան 92-ամյակը։ Նրա անունը մտել է գիտության պատմության մեջ, քանի որ նրա պատվին կոչվել է Մենդելեևի աղյուսակի 118-րդ տարրը՝ Oganesson (Og):
Յուրի Հովհաննիսյանը ծնվել է Դոնի Ռոստովում 1933 թվականին: Սովորել է Երևանի Ձերժինսկու անվան դպրոցում, 1951թ. ընդունվել է Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտը։ Նրա գիտական գործունեությունն ավելի քան 60 տարի կապված է Դուբնայի (ՌԴ) Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ՝ սկսելով իր կարիերան որպես ավագ լաբորանտ և հասնելով ամենաբարձր մակարդակի՝ Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի տնօրենի:
Յուրի Հովհաննիսյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր և Դուբնայի համալսարանի միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ Նա Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է և միջուկային ֆիզիկայի ուսումնասիրությամբ զբաղվող գիտական խորհրդի նախագահ։ Գիտնականն ավելի քան 250 գիտական աշխատությունների, 3 մենագրության հեղինակ է: Նրա ղեկավարությամբ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում հայտնաբերվել են Մենդելեևի աղյուսակի նոր տարրեր՝ 112-118 հաջորդական համարներով:
Հովհաննիսյանը ղեկավարել է ծանր միջուկների արագացուցիչների ստեղծման աշխատանքները և հետազոտել այդ միջուկների ռեակցիաների մեխանիզմը, տրոհման շարժառիթները, էկզոտիկ միջուկների հատկությունները։
Գիտնականն արժանացել է մի քանի տասնյակ մրցանակների և կոչումների: Նա իր գիտական գործունեության ընթացքում արժանացել է մեծ հարգանքի ու հեղինակության ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում։ Ֆիզիկոսը Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Գերմանիայի, Իտալիայի և Հայաստանի համալսարանների պրոֆեսոր է։
Յուրի Հովհաննիսյանն ընդգրկվել է այնպիսի հանճարների ցանկում, ինչպիսիք են Էյնշտեյնը, Ռազերֆորդը և Ֆլերովը, որոնց պատվին անվանվել են նախորդ տարրերը։
2017 թվականին Հայաստանում թողարկվել է նաև անվանի ֆիզիկոսի դիմանկարով նամականիշ, որի վրա պատկերված է Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրող 118-րդ քիմիական տարրը։