Հայաստանի կողմից «Ղարաբաղը Ադրբեջանի անբաժան մաս» ճանաչելու ֆոնին, Մակրոնի հայտարարությունը խոչընդոտում է խաղաղությանը. Ադրբեջանի ԱԳՆ

29 Հունիսի 2023, 17:50

Քաղաքականություն

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի արած հայտարարությանը եւ այն անընդունելի որակել:

Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը շեշտել է, որ «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման և Ղարաբաղը որպես «Ադրբեջանի անբաժան մաս» (չակերտները՝ Alpha News-ի) ճանաչելու ֆոնին նախագահ Մակրոնի նման «կողմնակալ» (չակերտները՝ Alpha News-ի) հայտարարությունները ոչ միայն խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության և հանգստության հաստատմանը, այլև նպաստում անջատողականությունը և ահաբեկչությունը խրախուսողների և աջակցողների ապակառուցողական գործունեության հետագա ընդլայնմանը»:

Ադրբեջանի ԱԳՆ-ն շարունակել է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա ճնշում գործադրելու հայտարարությունները Ֆրանսիայի նախագահ Մակրոնի «երևակայության արգասիքն են» (չակերտները՝ Alpha News-ի)։ Ադրբեջանի նախագահի վրա ճնշում գործադրելու փորձերը երբեք արդյունք չեն տվել: Նախագահ Մակրոնի հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նա «գործիք է» (չակերտները՝ Alpha News-ի) Ֆրանսիայի հայկական լոբբիի ձեռքում…»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ արձագանքելով Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների կոչին՝ գործնական աջակցություն ցուցաբերել Արցախին, Մակրոնը հայտարարել էր. «Ալիևի վրա ես ավելի շատ ճնշում եմ գործադրել և ավելի շատ ճնշում եմ գործադրելու, քան ինքը՝ Փաշինյանը։ Հարցը Փաշինյանն է, Արցախի հարցում ես միակն եմ, որ հստակ դիրքորոշում և ուղերձ ունեմ»։

Ֆրանսիայի նախագահը հորդորել էր չկասկածել իր վճռականության վրա՝ նշելով, որ Արցախի և, ընդհանրապես, Հայաստանի հետ կապված ջանքերը շարունակելու է, նույնիսկ, եթե միջազգային ընտանիքում գրեթե միակը լինի այդ օրակարգով։