Զանգվածային թունավորում Ճոճկան գյուղում․ «Lori Peak»-ի գործունեությունը կասեցվել է

29 Հուլիսի 2026, 18:20

Տնտեսություն և Բիզնես

Լոռու մարզի Ճոճկան համայնքում գործող «Lori Peak» միջոցառումների սրահում տեղի ունեցած հարսանիքից հետո արձանագրվել է զանգվածային սննդային թունավորման դեպք։ Հոսպիտալացվել է 21 քաղաքացի։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Լոռու մարզային կենտրոնը հուլիսի 27-ին ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ) ահազանգ է ստացել այն մասին, որ հուլիսի 26-ին անհատ ձեռնարկատեր Մերուժան Ասլանյանին պատկանող «Lori Peak» հանրային սննդի օբյեկտում անցկացված հարսանեկան միջոցառումից մի քանի ժամ անց մասնակիցների մոտ ի հայտ են եկել թունավորման ախտանիշներ։

Թունավորվածներից 15-ը տեղափոխվել են Նոյեմբերյանի, իսկ 6-ը՝ Ալավերդու բժշկական կենտրոններ։

Ահազանգից անմիջապես հետո ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական միջոցառումներ են սկսել հանրային սննդի օբյեկտում։ Առկա կերակրատեսակներից կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր հետազոտության, որի արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ։

Ստուգումների ընթացքում հայտնաբերվել են նաև սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ․

Սանհանգույցի դուռը բացվում է անմիջապես խոհանոցի մեջ․

Խոհանոցի պատերի որոշ հատվածներ հարթ չեն, ապահովված չեն պատշաճ նորոգ վիճակով և պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող ու ախտահանվող նյութերից․

Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթները (սեղաններ, սառնարանի դարակաշարեր) պատրաստված չեն մաքրվող, ախտահանվող և կոռոզիայի չենթարկվող նյութերից։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Lori Peak» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, և սահմանվել է ժամկետ՝ արձանագրված խախտումները վերացնելու համար։

Հիմա եթերում