Զարեհ Սինանյանն ամեն ինչ անում է Սփյուռքը պառակտելու համար․ «ՀՅԴ» Բելգիայի կոմիտեի ներկայացուցիչ
14 Նոյեմբերի 2023, 22:15
Զարեհ Սինանյանն իր պաշտոնավարման առաջին իսկ օրից դրսևորել է ապազգային քաղաքականություն։ Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «ՀՅԴ» Բելգիայի կոմիտեի ներկայացուցիչ Էդիկ Քոթանջյանը։
«Նոյեմբերի 11-ին Բելգիայի հայերի գաղութային կոմիտեն հանդիպում էր նախաձեռնել Սփյուռքի գործերով հանձնակատարի և Բելգիայում գործող հայկական կազմակերպությունների պատասխանատուների հետ։ Մեր կազմակերպությունը իր քույր կազմակերպությունների հետ մերժեց հանդիպել Սփյուռքի հանձնակատարին։ Մենք նպատակահարմար չգտանք մասնակցել նման ձևական հանդիպմանը, քանի որ տվյալ մարդը իր պաշտոնավարման առաջին իսկ օրից դրսևորել է ապազգային քաղաքականություն։
Ի պաշտոնե նա պարտավոր էր այս տարիներին ամեն ինչ անել հայրենիք և Սփյուռք կապը ամրապնդելու։ Բայց հանձնակատարը, կարծես, թե ամեն բան հակառակ է անում։ Նա ամեն ինչ անում է Սփյուռքը պառակտելու, գործող ավանդական կազմակերպությունների տասնամյակներ շարունակ կատարած աշխատանքը զրոյացնելու և այդ կազմակերպությունների դերակատարությունը նսեմացնելու համար։ Սա նշանակում է, որ մեր կողմից ընդունելի չէ հանձնակատարի վարած քաղքականությունը»,- ասել է Քոթանջյանը։
Նրա կարծիքով՝ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները առաջիկայում չեն կարող բարձր մակարդակի վրա գտնվել, քանի որ Հայաստանի ներկա իշխանությունը հակառակ ուղղությունն է բռնել։
«Մենք տասնամյակներ շարունակ ամենօրյա աշխատանք են կատարել և շարունակում են կատարել հանուն Հայաստանի և Արցախի։ Շատ լավ կլիներ, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները բարձր մակարդակի վրա գտնվեին, բայց, մեր կարծիքով, այս իշխանությունների վարած քաղաքականությունը հակառակ ուղղությունն է բռնել։ Մեզ համար Արցախի խնդիրը փակված չէ։ Արցախը հայապատկան տարածք է և մեր հայրենիքի մի մասն է։ Մենք շարունակելու ենք պայքարել Արցախի և արցախահայության իրավունքների համար, մինչ հարցի հայանպաստ լուծումը»,- եզրափակել է Քոթանջյանը։