Զարմանալի է ապրիլի 24-ին ընդառաջ հանրային դաշտ բերել թեմաներ, որոնք հասարակությանը պառակտելու են․ Սուրեն Մանուկյան

16 Ապրիլի 2024, 21:30

Քաղաքականություն

Հայոց Ցեղասպանության թեման եզակիներից է, որը հայ ազգին միավորում է՝ անկախ քաղաքական պատկանելիության։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը։

«Ւմ կարծիքով՝ պետական իշխանության կամ վերնախավի հիմնական նպատակներից մեկը նաև ազգային համաձայնության ձևավորումն է։ Ընդհանրապես բոլոր պետություններում դա օրակարգ է, հատկապես մեզ նման ծանր ժամանակներ ապրող ժողովրդի համար։ Կարծում եմ՝ մեր իշխանությունների թիվ մեկ խնդիրը պետք է լիներ այլ սուր թեմաներ դաշտ չնետելը, դրանով ապահովելով գոնե հնարավոր հանրային կոնսոլիդացիա։ Հայոց Ցեղասպանության թեման եզակիներից է, որը հայ ազգին միավորում է՝ անկախ մեր քաղաքական պատկանելիության, անկախ մեր քաղաքական և գաղափարական տարբերությունների, անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում կամ ինչ լեզվով ենք խոսում»,- ընդգծեց նա։

Ըստ Մանուկյանի՝ զարմանալի է ապրիլի 24-ին ընդառաջ հանրային դաշտ բերել թեմաներ, որոնք հերթական անգամ հասարակությանը պառակտելու են։

«Սա այն թեման է եղել, որի շուրջ մենք միշտ կարողացել ենք համախմբվել ու լեզու գտնել։ Ինձ համար զարմանալի է ապրիլի 24-ին ընդառաջ հանրային դաշտ բերել թեմաներ, որոնք հերթական անգամ հասարակությանը պառակտելու են, որովհետև նրանք գիտեն՝ իրենց հնչեցրած հայտարարությունները անպայման գտնելու են պատասխան, հակադարձում, լինելու են մարդիկ, որոնք հակառակ կարծիք են ունենալու։ Եվ կարիք կա՞ հերթական անգամ թեժացնել իրավիճակը»,- եզրափակեց ցեղասպանագետը։