Զավեն Անդրիասյան. Չեմպիոնից՝ մարզիչ
11 Մարտի 2025, 23:26

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Մարտի 11-ը հայ շախմատիստ, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանի ծննդյան օրն է:
Անդրիասյանը ծնվել է 1989 թվականին՝ Երևանում: Շախմատ խաղալ սովորել է 5 տարեկանում, իսկ 7-ում դարձել է Հայաստանի մինչև 10 տարեկանների չեմպիոն։ Այս հաղթական սկիզբը նա կրկնել է ևս երկու անգամ՝ 1998 և 1999 թվականներին՝ ցուցաբերելով բացառիկ արդյունքներ: Տարիներ շարունակ Անդրիասյանը դարձել է Հայաստանի չեմպիոն տարբեր տարիքային խմբերում: 14 տարեկանում հաղթել է մինչև 18 տարեկանների ՀՀ առաջնությունում և այլևս չի մասնակցել այդ մրցաշարին։
2005թ. նվաճել է Եվրոպայի մինչև 16 տարեկանների հաղթողի կոչումը։ Նույն տարում Զավեն Անդրիասյանը հաղթել է «Аэрофлот Опен» մրցաշարի Բ խմբում և արժանացել միջազգային վարպետի կոչմանը: 2006 թվականին նվաճել է Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնության արծաթե մեդալը, իսկ մեկ ամիս անց 17 տարեկանում դարձել է աշխարհի մինչև 20 տարեկանների չեմպիոն և անմիջապես ստացել գրոսմայստերի կոչում։ Այդ պահին նա Հայաստանի ամենաերիտասարդ գրոսմայստերն էր։
Տարբեր տարիների նա դարձել է Հայաստանի արագ շախմատի չեմպիոն, իսկ մեծահասակների առաջնություններում երեք անգամ նվաճել է բրոնզե մեդալ:
2010 թվականին Զավեն Անդրիասյանը դարձել է Ռուսաստանի գավաթակիր՝ նոկաուտ համակարգով անցկացվող մրցաշարի բոլոր մրցամարտերը շահելով հիմնական ժամանակում, ինչն աննախադեպ էր այդ մրցաշարի համար։ Մրցաշարի ընթացքում նա հաղթել է այնպիսի վարպետների, ինչպիսիք են վարկանիշային ֆավորիտ Վիորել Բոլոգանը, Եվրոպայի չեմպիոն Վլադիմիր Պոտկինը և 2007 թվականի գավաթակիր Արտյոմ Տիմոֆեևը:
2016 թվականին նա տարել է 5 հաղթանակ, 6 ոչ-ոքի և ստանալով 8 միավոր 11 հնարավորից՝ դարձել Հայաստանի բարձրագույն խմբի հաղթող։ Նա այսօր էլ շարունակում է իր կարիերան շախմատի ասպարեզում: Ներկայումս աշխատում է որպես Հայաստանի կանանց հավաքականի մարզիչ։