Զախարովան մեկնաբանել է Արցախի հարցով նոր նախաձեռնությամբ հանդես գալու Մակրոնի հայտարարությունը

30 Օգոստոսի 2023, 15:38

Քաղաքականություն

Ռուսաստանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը չի հակասում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ռուսաստանի ջանքերին, որոնք չեն կրկնում կամ խաթարում դրանք: Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությանը:

«Մյուս կողմից էլ, մեզ հայտնի է Ֆրանսիայի ակտիվությունն այս ուղղությամբ: Եվ, որ պակաս կարեւոր չէ՝ նման միջնորդական ջանքերի շրջանակներում անհրաժեշտ է հաշվի առնել հակամարտության երկու կողմերի եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի դիրքորոշումը։ Եվ, առանց դա հաշվի առնելու, արդեն իսկ բավականին թեժ իրավիճակի առաջընթացի հույս ունենալ պետք չէ»,- ասել է Մարիա Զախարովան: Ըստ նրա, դա ցանկացած միջնորդության Ալֆան եւ Օմեգան է:

Հիշեցնենք՝ ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի նախագահն ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստվում է այս շաբաթ բանակցություններ վարել Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հետ եւ հանդես գալ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում նոր դիվանագիտական նախաձեռնությամբ:

Նախօրեին՝ օգոստոսի 29-ին, տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ֆրանսիայի նախագահի հեռախոսազրույցը: Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Հաղորդագրության համաձայն` զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաեւ Լաչինի միջանցքի եւ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացման հարցը: