Զելենսկու այցը Բաքու ցուցադրական բնույթ է կրում․ Նիկոլայ Սիլաև
29 Ապրիլի 2026, 21:30
Ռուսաստանի ԱԳՆ ՄԳԻՄՕ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը «Լազարյան ակումբի» յոթերորդ նիստի ընթացքում Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցին Բաքու և դրա շրջանակում Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին։
«Այս այցով Զելենսկին փորձում է ցույց տալ, որ նա աշխարհում ունի լայն աջակցություն, իսկ Ալիևի համար՝ միջոց է Ռուսաստանին ցույց տալու, թե որքան ազատ է իրեն զգում և որքան քիչ է իրեն հետաքրքրում Մոսկվայի կարծիքն այդ հարցում։
Սա նախևառաջ ցուցադրական բնույթ է կրում, թեև այցի ընթացքում հնչած որոշ հայտարարություններ չեն կարող խոր մտահոգություն չառաջացնել։ Օրինակ՝ հայտարարված համատեղ ռազմական արտադրության ծրագրերը։ Հայտնի է, որ վերջերս ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էին եվրոպական երկրներում Ուկրաինայի համար զենքի այսպես կոչված համատեղ արտադրությունների հասցեները։ Կարծում եմ՝ ոչ ոքի հաճելի չի լինի, եթե այդ ցանկում հայտնվեն նաև Ադրբեջանի տարածքում գտնվող հասցեներ։
Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները դրանից, իհարկե, չեն բարելավվի։ Եվ մենք տեսնում ենք, որ, ցավոք, պաշտոնական Բաքուն հերթական անգամ բաց է թողնում այդ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը»,- ասել է Սիլաևը։