Զրկված ես՝ վերջ․ ոչ լսում են, ոչ լուծում առաջարկում․ վարորդական վկայականից զրկված քաղաքացի

Վարորդական վկայականի վերականգնման խնդիրներին բախված քաղաքացիները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք դժգոհում են վարորդական իրավունքի վերականգնման անհավասար պայմաններից և պետական մարմինների կողմից ցուցաբերվող խտրական վերաբերմունքից։

Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ 10 տարվա վարորդական ստաժի ընթացքում երբևէ ծանր խախտում չի կատարել, սակայն այժմ զրկվել է մեքենա վարելու հնարավորությունից։

«Ես իմ աշխատանքով իմ փողը ստեղծել եմ, իմ կոմֆորտն ապահովել եմ, որ մեքենա ունենամ ու քշեմ։ Հայաստանում 10 տարի վարորդական վկայական եմ ունեցել, ու այդ 10 տարվա մեջ իմ ամենամեծ խախտումը եղել է չամրակապված ամրագոտին։ Ոչ մի լուրջ բան չենք արել, բայց պարզապես վերցրին ու զրկեցին»,- նշել է վարորդը։

Նա նաև դժգոհություն է հայտնել դատական համակարգից՝ նշելով, որ իրավական ճանապարհով հարցը լուծելու փորձերը ոչ մի արդյունք չեն տալիս։

«Դատական պրոցեսի ժամանակ դատավորին ասում եմ՝ պարո՛ն դատավոր, ես քո երկրի քաղաքացին եմ, իմ հանդեպ ապօրինություն է կատարվում։ Դատավորը վրաս գոռում է, իրեն ընդհանրապես չի հետաքրքրում։ Զրկված ես՝ վերջ, ոչ լսում են, ոչ էլ հարցին լուծում առաջարկում»,- ընդգծել է մեր զրուցակիցը։

Հիմա եթերում