2 անգամ հաքերային հարձակում է եղել ու իմ անունով վարկ ձևակերպվել IDBank-ում. Գայանե Խաչատրյան
13 Մայիսի 2025, 16:00
Բանկային զեղծարարություններից տուժած անձինք այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Կենտրոնական բանկի դիմաց: Գայանե Խաչատրյանը Alpha News-ի հետ զրույցում պատմեց, որ իր անունով վարկ է ձևակերպվել IDBank-ում, պնդեց, որ ինքը կապ չունի այդ գործարքի հետ: Դեպքը տեղի է ունեցել 2025-ի մարտի 3-ին, ձևակերպվել է 550 000 դրամի վարկ, 24 %-ով, 6 ամիս ժամկետով:
«Ես վճարում ունեի անելու IDBank-ին, որոշեցի Idram հավելվածով անել այդ վճարումը, բայց մուտք չէի կարողանում անել հավելված: Մի քանի անգամ փորձեցի, չստացվեց, հետո IDBank-ի լոգոյով երկու նամակ եկավ, անգլերենով, 5 և 4 նիշեր էին, մենք այդ կոդերը հավաքեցինք, բայց հավելվածը մեզ նորից չընդունեց: Զանգեցինք Idram, պատմեցինք դեպքի մասին, մեզ խոստացան, որ կստուգեն ու հետ կզանգեն: Մեկ օր անցավ, բայց խնդիրը չշտկվեց, երեկոյան նորից զանգեցինք, մեզ պատասխանեցին ու ասացին, որ մեր 2 անգամ հաքերային հարձակում է եղել ու վարկ է ձևակերպվել իմ անունով: Հետաքրքիրն այն է, որ մի շաբաթ առաջ դիմել էի IDBank-ին, որ 100 000 դրամ վարկ տա ինձ, բայց չտվեց, ասաց, որ որ ծանրաբեռնված է, բայց մեկ շաբաթ հետո առանց իմ տեղեկության 550 000 դրամ վարկ է ձևակերպվել»,- պատմեց Գայանե Խաչատրյանը:
Այս դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քննչական կոմիտեում: Վարկն այս փուլում ըստ Գայանեի՝ սառեցված չէ:
Մանրամասները՝ տեսանյութում: