Հովհաննես Բաղրամյան․ 20-րդ դարի լեգենդար զորավարը
02 Դեկտեմբերի 2024, 23:15
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Մարշալ Բաղրամյանը (Հովհաննես Քրիստափորի Բաղրամյան) ծնվել է 1897 թվականի դեկտեմբերի 2-ին Ելիզավետպոլի շրջանի Չարդախլու գյուղում։ Բաղրամյանը վերջին մարշալներից էր, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ղեկավարում էր ռազմաճակատները։ Նրա ռազմական նվաճումները կարելի է շատ երկար թվարկել։
«Մարշալ Բաղրամյանը տաղանդավոր և փորձառու հրամանատարներից մեկն է`շտաբային աշխատանքի փայլուն իմացությամբ։ Բաղրամյանի կազմակերպչական գերազանց ունակությունները դրսևորվել են պատերազմի սկզբի շատ ծանր իրավիճակում։ Նա շատ խոհուն, իր գործը իմացող զորահրամանատար է, հանգիստ, հավասարակշռված, աշխատասեր, գրագետ։ Բաղրամյանը հատկապես աչքի է ընկել Կուրսկի ճակատամարտում, որպես Առաջին Մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար և բելառուսական օպերացիայի ժամանակ։ Պատերազմից հետո նրա հետ հաճախ ենք հանդիպել, ընկերություն արել»,- Բաղրամյանի մասին այս կերպ է արտահայտվել Գեորգի Ժուկովը։
Բաղրամյանի առաջարկների շնորհիվ էր, որ մեծամասամբ ապահովվել է Օրեոլի ռազմավարական գործողության հաջողությունը («Կուտուզով» օպերացիան), որի համար 1943 թվականի օգոստոսի 27-ին Բաղրամյանը պարգևատրվել է Սուվորովի 1-ին աստիճանի շքանշանով։
Ստրատեգ Բաղրամյանի տաղանդն առավել ցայտուն դրսևորվել է պատերազմի վերջին տարվա հարձակողական գործողությունների ժամանակ՝ Մերձբալթյան երկրների և Քյոնիգսբերգի ազատագրման ժամանակ։ Մասնակցել է 1944 թվականի խորհրդային մեծ հարձակմանը Բելառուսում և Լիտվայում՝ («Բագրատիոն» օպերացիա)։ Նրա բանակները ճեղքել-հասել են Բալթիկ ծով և շրջապատել 30 գերմանական դիվիզիաների Լատվիայում։ Այս ռազմական սխրագործության համար Բաղրամյանն արժանացել է Սովետական Միության հերոսի կոչման։
Մարշալի պատվին Երևանում անվանակոչվել է մետրոյի կայարան և պողոտա, իսկ Ռուսաստանի Օրեոլ քաղաքում՝ կանգնեցվել է Բաղրամյանի հուշարձանը։ Վիտեբսկ քաղաքի թիվ 46 միջնակարգ դպրոցն էլ անվանակոչվել է մարշալի անունով։
Բաղրամյանի անձնական իրերը պահվում են Երևանի «Մայր Հայաստան» թանգարանում։
Մարշալ Բաղրամյանը մահացել է 1982թ-ի սեպտեմբերի 21-ին և թաղվել Մոսկվայում։