2018 թվականին Հայաստանում լայնորեն կիրառվել են կեղծ տեղեկատվական արտահոսքեր․ Շոյգու

18 Հունիսի 2026, 11:30

Քաղաքականություն

Արևմուտքը, այսպես կոչված, թիրախային երկրներում քաղաքական ռեժիմներ փոխելու համար լայնորեն օգտագործում է կեղծ լուրեր և ստեղծում հաղորդակցման մեխանիզմներ՝ մարդկանց կառավարելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ ընդգծելով, որ հենց այդպիսի մեթոդներ են կիրառվել 2018 թվականին Հայաստանում և 2026 թվականին Հունգարիայում։

«Ստեղծվում են հաղորդակցության արդյունավետ մեխանիզմներ, որոնք անհրաժեշտ են զանգվածների մոբիլիզացման և նրանց կառավարման, ինչպես նաև հասարակական գիտակցության մանիպուլյացիայի համար»,- նշել է Շոյգուն։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ «արտաքին համակարգողների վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի միջոցով լայնորեն օգտագործվում է կեղծ տեղեկությունների տարածումը՝ նպատակ ունենալով վարկաբեկել իշխանություններին (առաջին հերթին կոռուպցիայի մեղադրանքների հիման վրա), ինչպես նաև բնակչության շրջանում անարդարության և տագնապի կեղծ զգացում ձևավորել»։

Նրա կարծիքով՝ «թիրախային երկրների ղեկավարության դժվարություններն ու սխալները նպաստում են «գունավոր հեղափոխությունների» կազմակերպիչների ծրագրերի իրականացմանը»։ Շոյգուն նշել է, որ բնակչության շրջանում երկրի ղեկավարության հեղինակության կորստին հանգեցնում են նաև քաղաքական համակարգի անթափանցիկությունն ու փակվածությունը, կոռուպցիան իշխանական կառույցներում, դատական և իրավապահ մարմինների անարդյունավետությունը, կառավարող էլիտայում ավտորիտար միտումների զարգացումը։

«Միևնույն ժամանակ կարևոր է հաշվի առնել, որ թիրախային երկրների կայունության համար ներքին մարտահրավերների ողջ կարևորությամբ հանդերձ, «գունավոր հեղափոխությունների» հիմնական կազմակերպիչը արտաքին ուժերն են։ Նրանց կողմից օգտագործվող գործիքների թվում առանձնահատուկ դեր են խաղում արևմտյան ՀԿ-ները՝ հիմնադրամները, վերլուծական կենտրոնները, կամավորական շարժումները, կրոնական համայնքներն ու աղանդները»,- նշել է Շոյգուն։