Ուրախ եմ, որ գտնվում եմ այս օրհնված երկրում. Վերոնիկա Կոժուխարովան՝ Ռուսաստանի օրվան նվիրված երևանյան համերգին
15 Հունիսի 2023, 18:40
Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Աստոր Պիացոլայի և աշխարհահռչակ այլ կոմպոզիտորների գլուխգործոցները հնչել են Ռուսաստանի օրվան նվիրված երաժշտական երեկոյի ընթացքում։ Ինչպես տեղեկանում ենք Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի տարածած հաղորդագրությունից, տոնական համերգին ելույթ են ունեցել հայտնի երաժիշտներ, բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ Վերոնիկա Կոժուխարովան (սաքսոֆոն) և Հիրոկո Ինոուեն (երգեհոն): Միջոցառումը կազմակերպել էր «Դոմ Մոսկվի» կենտրոնը՝ ՌԴ Նախագահի աշխատակազմի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Ռուս սաքսոֆոնահար Վերոնիկա Կոժուխարովայի և ճապոնացի երգեհոնահար Հիրոկո Ինոուեի երկարամյա ստեղծագործական տանդեմն արդեն հասցրել է գրավել հայ հանդիսատեսին: Երաժիշտներին Հայաստանում դիմավորում են առանձնահատուկ ջերմությամբ։
«Արդեն չորրորդ անգամ եմ ներկայանում Հայաստանում, դա ինձ մեծ երջանկություն է պարգևում։ Այստեղ անհավանական մշակույթ է, իսկապես երջանկություն է նվագել մարդկանց համար, որոնց կարիք չկա որևէ բան բացատրելու, նրանք զգում են երաժշտությունը:
Ուրախ եմ, որ գտնվում եմ այս օրհնված երկրում, որտեղ ֆանտաստիկ էներգիա կա։ Համերգ ունենք նաև Կապանում։ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի հետ գործակցում ենք արդեն մի քանի տարի, ինչի շնորհիվ հնարավորություն ունեցանք հայ հանդիսատեսի հետ կիսվելու մեր ստեղծագործություններով», – նշել է սաքսոֆոնահար Վերոնիկա Կոժուխարովան։