Բաթումում երկրպագուների հետ միջադեպի պատճառով Վրաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
28 Նոյեմբերի 2026, 17:00
Թուրքիայում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիան կանչվել է արտաքին գործերի նախարարություն՝ նոյեմբերի 26-ին Բաթումում «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների և վրացական ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը։
Բախումները տեղի են ունեցել ոստիկանության և թուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի թուրք երկրպագուների միջև՝ ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի շրջանակում իսրայելական «Հապոել Բեեր Շևա»-ի հետ խաղից առաջ կազմակերպված երթի ժամանակ։ Լրատվամիջոցների տվյալներով՝ երկրպագուները չեն ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին և տարբեր առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով բախումներ են սկսվել։
«Բաթումիում «Բեշիքթաշ»-ի մասնակցությամբ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի հանդիպման ընթացքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ Անկարայում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիան հրավիրվել է արտաքին գործերի նախարարություն»,- հայտնել է գործակալության աղբյուրը։
Ավելի վաղ «Բեշիքթաշ» ակումբը հայտարարել էր, որ հանդիպումից առաջ և դրա ընթացքում անվտանգության աշխատակիցները չափազանց մեծ ուժ են կիրառել իր երկրպագուների նկատմամբ։ Ակումբը հայտնել էր, որ դիմել է ՈՒԵՖԱ-ին և Թուրքիայի գլխավոր հյուպատոսությանը։
«Բեշիքթաշի» տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղի ունեցածը քննարկել է ակումբի նախագահ Սերդալ Ադալիի հետ և հայտարարել, որ ուշադիր հետևում է իրավիճակին։
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) միջադեպի և խաղի ընթացքում տեղի ունեցած անկարգությունների առնչությամբ հետաքննություն է սկսել։