Հերթական վանդալիզմը. ադրբեջանցիները ավերել են Հալիվորի կամուրջը
«Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (“Caucasus Heritage Watch”) կայքը հրապարակել է տիեզերական լուսանկարներ, որտեղ երևում է, որ ադրբեջանցիները ավերել են Հալիվորի կամուրջը։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը և տեղեկություն ներկայացրել Հալիվորի կամուրջի մասին.
«Հալիվորի կամ Հալևորի կամուրջը գտնվում է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից 2կմ հարավ-արևմուտք` Իշխանագետի վրա: Համաձայն կամրջի հոսքընթաց ճակատին ագուցված քարի վրա փորագրված և ցարդ պահպանված շինարարական 7 տողանի արձանագրության` կառուցվել է 1835թ.:
Այն Իշխանագետի և նրա վտակների վրա կառուցված 6 կամուրջներից մեկն է, որոնցից չորսն անխափան պահպանվում են և գործում:
Հալիվորի կամուրջն ասես Իշխանագետի կանաչ գոտին լինի: Իրականում այդ գոտին Մեծ Թաղերի տարածքը գետի վրայով կապում է Տումի գյուղի տարածության հետ: Միակամար, կիսագլանաձև թաղով ծածկված կամուրջն իրար է կապել ժայռոտ ձորափերը: Այն ունի 20 մետր երկարություն, 3 մետր լայնություն և 9 մետր բարձրություն:
Կամարային բացվածքի լայնությունը կազմում է 9 մետր: Շինարարական կիսաեղծ արձանագրությունը գտնվում է հյուսիս-արևմտյան խելի պատին ագուցած արձանագրության մեջ, որտեղ գրված է.
ՙՅիշատակ է /կամուրջըս Յարու/ թիլն որդի Գեվ/ որքի, շինեցի իմ /ծնօղաց, օվ անցնի/ ա /աստուած ողորմի ասի, /ՌՄՁԴ /1835թ./՚:
Անհրաժեշտ է նշել, որ այս կամուրջն իր կառուցվածքով և դիրքով տարբերվում է մյուսներից: Տեղանքից ելնելով` նոր կամուրջը կառուցվել է այնպես, որ Մեծ Թաղերի կողմից կամրջի խելը մոտ երկու մետր ցած է հանդիպակաց կողմի խելից: Կառուցված է որձաքարի խոշոր և մանր անտաշ բեկորներից, ամուր կրաշաղախով»։