Ռոմանոս Պետրոսյանը ստում է. թող տղամարդավարի ճշմարտությունն ասի. Դավիթ Ղազինյան

14 Նոյեմբերի 2026, 19:00

Քաղաքականություն

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը պնդում է, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ընկերության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել։

«Ռոմանոս Պետրոսյանը ստում է։ Եթե ազնիվ է, եթե տղամարդավարի է խոսում, թող ճշմարտությունն ասի, պատմի, որ ՀԷՑ-ին մնացել էր ընդամենը 2-3 ամսվա կյանք»,- ԲՈւՆ TV-ին տված հարցազրույցում ասել է Ղազինյանը՝ անդրադառնալով Պետրոսյանի հնչեցրած մեղադրանքներին։

Պատգամավորի խոսքով՝ 2015 թվականին իշխանությունների խնդրանքով Սամվել Կարապետյանը ձեռք է բերել ՀԷՑ-ը և ընկերությունում կատարել շուրջ 600 միլիոն դոլարի ներդրում։ Նրա պնդմամբ՝ այդ ներդրումներն արտացոլված են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ամեն տարի հաստատված ներդրումային ծրագրերում, իսկ Կարապետյանը ընկերության զարգացմանն է ուղղել նաև իր շահույթի զգալի մասը։

Ղազինյանը հիշեցրել է, որ ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կողմից ձեռք բերելու պահին ունեցել է 36 միլիարդ դրամի պակասուրդ։ Նրա խոսքով՝ ընկերության ֆինանսական ծանր վիճակին չնայած՝ Կարապետյանը չի բարձրացրել էլեկտրաէներգիայի սակագինը, թեև դրանից առաջ նախատեսվում էր այն թանկացնել 19 դրամով, ինչի դեմ Երևանում բողոքի ցույցեր էին անցկացվում։

«10 տարի հոսանքի սակագինը չթանկացնելուց հետո Սամվել Կարապետյանը որոշել է իր շահույթի մի փոքր մասը վերցնել։ ՔՊ-ն այսօր ժողովրդին ստում է՝ հարց բարձրացնելով, թե ինչու Սամվել Կարապետյանը պետք է շահույթ ունենար»,- ասել է պատգամավորը։

Նա նաև քննադատել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարին՝ նշելով, որ հարցազրույցի ընթացքում պետք է հնչեին մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես՝ երբ է Կարապետյանը վերցրել շահույթը, արդյոք այն ամբողջությամբ է վերցրել, ինչպես նաև՝ արդյոք ներկայացված են ՀԷՑ-ի հենասյուների ինքնարժեքի հաշվարկները։

Ղազինյանի խոսքով՝ Ռոմանոս Պետրոսյանի պնդումները հերքվում են նաև հենասյուների գնման և տեղափոխման պայմանների համեմատությամբ։ Նա նշել է, որ նախկինում հենասյուներ արտադրող ընկերությունը պարտավորվել է դրանք տեղափոխել ՀԷՑ-ի նշած վայրեր՝ օրինակ Մեղրիից մինչև Տավուշ, մինչդեռ ներկայիս կառավարման օրոք այդ պարտավորությունը արտադրողի վրա դրված չէ, և տեղափոխումը պետք է իրականացնի ՀԷՑ-ը։

Պատգամավորը կասկածի տակ է դրել նաև մեկ բեռնատարով 25-30 հենասյուն տեղափոխելու հնարավորության մասին պնդումը՝ կոչ անելով Պետրոսյանին ցույց տալ նման բեռնատար։

Անդրադառնալով գնումների գործընթացին՝ Ղազինյանը նշել է, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում ցածր գին ապահովելու նպատակով մրցույթներին մասնակցել են նաև համապատասխան մասնագիտացում չունեցող ընկերություններ։

«ՀԷՑ-ը, երբ խլեցին, նրանք պատրաստ էին ցածր որակի դիմաց ձեռք բերել անորակ ապրանք։ Օրինակ՝ կահույքի արտադրությամբ զբաղվող ընկերություն է անգամ մասնակցել հենասյուների գնման մրցույթին, իսկ դրա նպատակը ցածր գին առաջարկելն է եղել։ Մինչդեռ Սամվել Կարապետյանի կողմից դրվել էր հստակ պահանջ՝ առաջին հերթին ձեռք բերել որակյալ ապրանք, ոչ թե էժան և անորակ»,- ասել է նա։

Վերջում Ղազինյանը վստահեցրել է, որ ՀԷՑ-ը վերադարձվելու է իր սեփականատիրոջը՝ ընդգծելով, որ ընկերության կառավարման նախկին մոտեցման հիմքում որակյալ ապրանքների ձեռքբերումն է եղել։

Հիմա եթերում