Ադրբեջանը չի ուզում խաղաղության պայմանագիր ստորագրել. Հայկ Խալաթյան

25 Սեպտեմբերի 2024, 14:00

Քաղաքականություն

Արևմուտքը կարող է գնալ որոշակի քայլերի, որոնք լարվածություն կարող են առաջացնել տարածաշրջանում: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի տնօրեն, Մոսկվայի՝ Alpha News-ի գլխավոր խմբագիր Հայկ Խալաթյանը։

«Կան ուժային կենտրոններ, որոնք թեժ պայքարի մեջ են, օրինակ՝ Ռուսաստանը, Արևմուտքը, Թուրքիան, Իրանը: Նրանցից յուրաքանչյուրն իր խաղն է վարում: Միջազգային հանրությունը, ավելի ճիշտ՝ Արևմուտքը, շահագրգռված չի լինի, որ կնքվի խաղաղության պայմանագիրն այն պարագայում, երբ հասկանա՝ հայկական կողմի զիջումների հաշվին չի կարող ստորագրվել խաղաղության պայմանագիր:

ԱՄՆ-ն ամեն ինչ անում է, որ այդ պայմանագիրը կնքվի, որովհետև նույնիսկ համոզելով հայկական կողմին գնալ լուռ զիջումների՝ հույս են ունենալու, որ դրա շնորհիվ տարածաշրջանից կկարողանան վերջնականապես դուրս հանել Ռուսաստանին, իսկ Թուրքիայի դիրքերը կուժեղանան թե Հարավային Կովկասում ու, ամենակարևորը, հետագայում Կենտրոնական Ասիայի աշխարհաքաղաքաքական պայաքարում, իսկ ԱՄՆ-ը բացահայտ հռչակել է, որ Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանն իր գլխավոր մրցակիցներն են:

Եթե հանկարծ ԱՄՆ-ը հասկացավ, որ այս խաղն արդյունք չի տալիս, Ադրբեջանը չի ուզում գնալ խաղաղության պայմանագրի կնքման, այդ ժամանակ չեմ բացառում, որ Արևմուտքը կարող է գնալ որոշակի քայլերի, որոնք լարվածություն կարող են առաջացնել տարածաշրջանում»,- նկատել է քաղաքագետը:

Ըստ Խալաթյանի՝ ՀՀ իշխանությունները ցուցումներ են ստանում Բրյուսելից ու Վաշինգտոնից:

«Այն քաղաքականությունը, որ հիմա ՀՀ իշխանությունները վարում են, ակնհայտ է՝ հաճախ ցուցումները գալիս են Բրյուսելից ու Վաշինգտոնից, ինչը բերելու է Իրանի և Ռուսաստանի դժգոհությանը: Ադրբեջանը դրանից օգտվելու է: Արդեն տեսնում ենք, որ թե՛ Մոսկվայի, թե՛ Թեհրանի հետ շփումներում Ադրբեջանի ղեկավարությունն այն թեզն է առաջ տանում, թե Հայաստանը պրոարևմտյան ուժ է, ձեր շահերին դեմ է, նա տարածաշրջան է բերում ոչ տարածաշրջանային խաղացողների, այդ պատճառով՝ մի խանգարեք ինձ իմ ծրագրում, իսկ ես հաշվի կառնեմ ձեր շահերը տարաշածրջանում»,- ասել է Հայկ Խալաթյանը:

Մեր զրուցակցի համոզմամբ՝ Ադրբեջանն այնպիսի քաղաքականություն է վարում, որ նույնիսկ մեր երկրում իշխանափոխության դեպքում ոչ ոք չկարողանա լուծել, օրինակ, արցախցիների վերադարձի հարցը:

«Նրանք Արցախը զիջեցին, կարծում էին՝ Ադրբեջանը դրանով կբավարարվի: Դա տեղի չունեցավ: Հիմա Ադրբեջանն ասում է՝ ինչու գնալ ֆորմալ փաստաթուղթ ստորագրելու, եթե կարող ենք չստորագրել, անընդհատ ճնշումներ գործադրելով նոր զիջումներ ստանալ հայկական կողմից ու եթե հարմար պահ լինի, փորձել այլ ուժերի միջոցով թե՛ միջանցք ստանալ, թե՛ փախստականների վերադարձի հարցը փակել և այլն:

Եւ եթե Հայաստանում լինի իշխանափոխություն ու փոխվի միջազգային իրավիճակը, որևէ մեկը ուզենա վերանայել ուժերի դասավորվածությունը, նույնիսկ այդ պարագայում Հայաստանը չկարողանա գործել Ադրբեջանի դեմ: Սա է Բաքվի նպատակը»,- եզրափակել է Հայկ Խալաթյանը: