Հայկական 10-ը տեխնոլոգիական ստարտափեր մասնակցում են Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից մեկին
15 Հունիսի 2023, 22:20
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում hունիսի 14-ին մեկնարկել է Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից մեկը՝ «VivaTech-2023» 7-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսը:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տարածած հաղորդագրությունից, հաշվի առնելով ցուցահանդեսի հեղինակավոր դիրքը տարածաշրջանում և միջազգային հարթակներում, ինչպես նաև հայկական ընկերությունների գրանցած հաջողությունները «VivaTech 2022»-ի ընթացքում` նախարարությունն այս տարի ևս հնարավորություն է ընձեռել ոլորտային ընկերություններին և միություններին մասնակցելու ցուցահանդեսին և ներկայացնելու իրենց նորարարական լուծումներն ու պրոդուկտները «Հայաստան» միասնական տաղավարի ներքո:
Հայկական տեխնոլոգիական ընկերությունները ցուցադրելու են ոլորտի ներուժն ու նվաճումներն առողջապահական, կրթական, ձայնային տեխնոլոգիաների, երաժշտական վիզուալիզացիայի, ճարտարագիտության, ծրագրային և սարքային ապահովման, առցանց գնումների և վճարումների, էլեկտրոնիկայի, արհեստական բանականության և այլ ոլորտներում: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են «ՎիԱռԴրոբ», «Ադեվից», «ԴուՎորք Թեք», «ԷյԹի», «Դուդուկ», «ՖԲՖ», «Բլիինք», «ԵԻԱ ինժեներինգ», «Թեքստ Էնդ Փեյ Մի» ընկերությունները և ԱՏՁՄ-ն «Արմաթ» ծրագրով:
Միջոցառումը նաև լավ հնարավորություն է ընձեռում այլ երկրների մասնակիցների գործունեությանն ու արտադրանքին ծանոթանալու և նրանց հետ փոխգործակցության նախադրյալներ ստեղծելու համար: Հունիսի 15-ին նախատեսվում է հայկական տաղավարում անցկացնել հանդիպում–ֆորում հայկական սփյուռքի տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր այս օրերին Ֆրանսիայում են և որպես այցելու մասնակցում են ցուցահանդեսին:
«VivaTech-2023» միջազգային ցուցահանդեսը կտևի հունիսի 14-17-ը: