Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ամենահուսալի միջնորդը երկար տասնամյակներ եղել է Ռուսաստանը. Եվգենի Սեմիբրատով

03 Հոկտեմբերի 2024, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի ռազմավարական հետազոտությունների և կանխատեսումների ինստիտուտի փոխտնօրեն Եվգենի Սեմիբրատովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է այն լուրը, որ հայկական կողմը դեմ չէ Բաքվում կայանալիք COP29 կլիմայական գագաթնաժողովի շրջանակում Խաղաղության պայմանագրի ստորագրմանը, սակայն ընտրությունն Ադրբեջանինն է:

«Հայաստանի ներկայիս ղեկավարությունը չի թաքցնում այն, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման ներկայիս նախաձեռնություններն ակտիվորեն առաջ են մղվում Արևմուտքի կողմից՝ որպես Հայաստանի արտաքին քաղաքականության հետագա զարգացման տարբերակ։ Հիմնականում այս նախաձեռնության մասին առաջինը գրեցին արևմտյան լրատվական գործակալությունները։ Բայց այստեղ պետք է հասկանալ, թե ինչ հարաբերությունների մեջ է Հայաստանը Ռուսաստանի հետ և ինչ հարաբերությունների մեջ է Ադրբեջանը Ռուսաստանի հետ, քանի որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ամենահուսալի և մշտական միջնորդը երկար տասնամյակներ եղել է Ռուսաստանը։ Այն բազմիցս միջամտել է Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտության կտրուկ սրման պահին», — ասել է Սեմիբրատովը։

Փորձագետի կարծիքով, պետք է ընդունել, որ իրավական տեսանկյունից Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն ավելի խորը և ինտենսիվ մակարդակի վրա են, քան Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները:

«Մի կողմից՝ Ռուսաստանը Հայաստանի հետ միութենական հարաբերություններ ունի ՀԱՊԿ շրջանակներում, բայց կշեռքի մյուս նժարին մենք ունենք 2022 թվականի փետրվարի 22-ին Միութենական փոխգործակցության մասին ռուս-ադրբեջանական հռչակագիրը։ Բայց պետք է ընդունել, որ իրավական տեսանկյունից Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերություններն, իհարկե, գտնվում են ավելի խորը և ինտենսիվ մակարդակի վրա։ Եվ դա այն պատճառով, որ ռազմական դաշինքը, ռազմաքաղաքական անվտանգության հարցերն այս ոլորտում փոխգործակցության հիմնական գործիքն են։ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններն իրավաբանորեն մի աստիճան ցածր են, բայց միևնույն ժամանակ մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչպես է Հայաստանի վարչապետ Փաշինյանը վերաբերվում Ռուսաստանին, Հարավային Կովկասում ռուսական ռազմական ներկայության գաղափարին, իսկ մյուս կողմից՝ հասկանում ենք, թե ինչպես է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շատ կառուցողական վերաբերվում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշմանը։

Ադրբեջանն այդ մասին ուղղակիորեն չի խոսում, բայց մեծ հավանականությամբ ես չէի բացառի, որ Ադրբեջանը որպես տվյալ պայմանագրի երրորդ կողմ, որպես երաշխավոր կողմ, որպես միջնորդ կողմ, կցանկանար տեսնել հենց Ռուսաստանի Դաշնությանը», — եզրափակել է Սեմիբրատովը։