«Ձենդ կտրի, արա՛, այ տղա՛». Շինարարներում կրքերը շիկացան
13 Հոկտեմբերի 2026, 16:31
Ծանր տեխնիկան առավոտվանից աշխատում է Շինարարների փողոցում. ապամոնտաժվում են կրպակներն ու խանութները։ Մարդկանց բանավոր զգուշացվել էր դեռ կիրակի օրը, որ այս շինությունները քանդվելու են։ Քաղաքապետարանը նախատեսում է տարածքը կանաչապատել։
Կրպակատերերն ու վարձակալները բողոքում են Երևանի քաղաքապետարանի գործողություններից՝ պնդելով, թե վերջիններս իրավունք չունեն ապամոնտաժելու, քանի որ առկա է դատարանի որոշում: Եկամտի աղբյուրից զրկվելու եզրին կանգնած այս մարդիկ ժամանակ են պահանջում հարցը դատական կարգով լուծելու համար:
Ապամոնտաժման աշխատանքները տեղում համակարգում է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը: Պաշտոնյան վստահեցնում է, թե հետագայում կաջակցեն վարձակալներին, իսկ կրպակատերերի հետ փոխհատուցման հարցով քննարկումներ կլինեն, և բոլորի խնդիրները կփորձեն լուծել:
Կրպակատերերն ու վարձակալները, սակայն, չեն վստահում թաղապետի հավաստիացումներին, թե իրենց հարցերը լուծվելու են:
Շինարարների փողոցում իրավիճակը լարվել էր դեռ երեկ երեկոյան, երբ քաղաքապետարանի աշխատակիցները փորձել էին քանդել շինությունները, սակայն կրպակատերերն ու վարձակալները դիմադրել էին: Դեպքի վայրում էին նաև ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները, որոնք պաշտպանել էին քաղաքացիների շահերը:
Այսօր արդեն քաղաքապետարանը գործի դրեց տեխնիկան: Ապամոնտաժմանը զուգահեռ՝ իրավիճակը լարվեց, երբ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը հայտարարեց, թե «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն անձնական շահերից ելնելով է աղմուկ բարձրացրել և կանգնել քաղաքացիների կողքին:
Մեսրոպ Մանուկյանը հակադարձեց՝ ինքը պաշտպանում է օրենքը, մարդիկ ունեն սեփականության իրավունք, դատարանն էլ պահանջել է չապամոնտաժել կրպակները, հետևաբար քաղաքապետարանը պարտավոր է կատարել այդ որոշումը:
Կրքերը շիկացան, երբ դեմ առ դեմ հանդիպեցին Աջափնյակի թաղապետն ու պատգամավորը: Բանը հասավ լեզվակռվի ու վիրավորանքների:
«Ձենդ կտրի, արա՛, այ տղա՛, այ բենզալցակայանի պաշտպան, աներոջդ պաշտպան»,- դիմելով Մեսրոպ Մանուկյանին՝ բղավում էր Աջափնյակի թաղապետը:
Երևանի քաղաքապետը երեկ էր հայտարարել, որ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատվեն կրպակներից: