Լալա Մնացականյան. Մանկավարժն ու տաղանդավոր դերասանուհին

08 Հոկտեմբերի 2024, 23:20

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հոկտեմբերի 8-ը անվանի դերասանուհի, մանկավարժ, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի ծննդյան օրն է:

Լալա Մնացականյանը ծնվել է 1957 թվականին Երևանում՝ բեմական խոսքի դոցենտ Էլիզա Գյուլեսերյանի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Բաբկեն Մնացականյանի ընտանիքում:

Լալա Մնացականյանը 1978 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: Խաղացել է Երևանի երիտասարդական փորձարարական թատրոնում, Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնում, Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, ինչպես նաև «Մետրո» թատրոնում:

Մնացականյանը բեմական խոսքի պրոֆեսոր էր։ Արդեն 90-ականների սկզբին դերասանուհին բեմական խոսք է դասավանդել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, իսկ ավելի ուշ դարձել է «Թատերական արվեստ և կինոարվեստ» մասնագիտությամբ պրոֆեսոր:

Դերասանուհին համահեղինակել է «Բեմական խոսքի դասավանդման արվեստը» ուսումնական ձեռնարկը, որն, ի դեպ, այդ առարկայի միակ ձեռնարկն էր հայերենով:

Մնացականյանը բազմաթիվ դերեր է կատարել բեմում՝ հմտորեն կերպարանափոխվելով ցանկացած կերպարի։ Մնացականյանը հայտնի էր նաև կինոաշխատանքներով։ Հատկապես պետք է նշել «Մեր բակը» հեռուստաֆիլմով՝ գերազանց խաղալով Լալայի դերը։ Խարիզմատիկ, պայծառ, հուզական իր կերպարով նա մեզ բոլորիս հիշեցնում է այդ շատախոս հարևանի մասին:

Նրան սիրում էին և՛ ուսանողները, և՛ գործընկերները, և՛ ընկերները՝ գնահատելով նրա տաղանդն ու աշխատասիրությունը։

Լալա Մնացականյանը կյանքից հեռացել է 2024 թվականի հունիսի 22-ին։