Արցախում հայ չկա, բայց սա խաղաղությո՞ւն է․ Արամ Վարդևանյան
20 Նոյեմբերի 2026, 19:30
Այո՛, սահմանին կրակոցներ չկան, մահեր չկան, բայց Արցախում նույնիսկ մեկ հայ չկա։ Այն Արցախում, որը դարեր ի վեր բնակեցված է եղել հայերով։ Սա պատմական փաստ է։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով Արցախի հայաթափմանը և իշխանությունների վարած քաղաքականությանը։
ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ «Եռաբլուր»-ում ամփոփված հայորդիները հայրենիքի և սեփական ժողովրդի պաշտպաններն են եղել։
Անդրադառնալով նախաստորագրված խաղաղության պայմանագրին՝ Արամ Վարդևանյանը նշել է, որ այն Հայաստանի երազանքների փաստաթուղթը չէ, սակայն ընդդիմությունը դեմ չէ դրա ստորագրմանն ու վավերացմանը։
«Խաղաղության պայմանագիրը, որը նախաստորագրվել է, բերե՛ք՝ ստորագրե՛նք, վավերացնե՛նք։ Այս փուլում այն ուղարկե՛նք Սահմանադրական դատարան։ Կհամարձակվե՞ք մեզ ասել, որ խաղաղության գործընթացին մենք դեմ ենք։ Նախընտրական շրջանում էլ ենք կողմ եղել, հիմա էլ ենք կողմ։ Այլ հարց է, որ դուք չեք կարողանում այդ թուղթը ստորագրել»,- ասել է Արամ Վարդևանյանը՝ դիմելով իշխանություններին։