Ադրբեջանը միայն իմիջի համար խաղաղության պայմանագիրը չի ստորագրի. Արա Պողոսյան

16 Հոկտեմբերի 2024, 13:35

Քաղաքականություն

Ադրբեջանն այդ պետությունը չէ, որը ինչ-որ իմիջային խնդիրներ լուծելու համար գնա ռազմավարական պայմանագիր կնքելու ճանապարհով: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղաքագետ Արա Պողոսյանը։

«Երբ ՀՀ իշխանությունների կողմից հայտարարվեց պատրաստակամության մասին՝ մինչ բանակցությունների վերջին փուլը համաձայնեցված կետերով ստորագրել, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը, որն, ըստ էության, շրջանակային համաձայնագրի էր ավելի շատ նման, Ադրբեջանը մերժել էր: Թե Հիքմեթ Հաջիևը, թե Ջեյհուն Բայրամովն, ինչպես նաև Իլհամ Ալիևը բազմիցս, հենց սկզբից հայտարարել էին, որ դա անընդունելի է իրենց համար:

Ընդ որում, եթե հայկական սեգմենտում կար կարծիք, որ Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք COP29-ի հետ կապված Բաքուն որպես խաղարարար կարող էր ստորագրել խաղաղության պայմանագիրն, ի սկզբանե ակնհայտ էր, որ Ադրբեջանն այդ պետությունը չէ, որը ինչ-որ իմիջային խնդիրներ լուծելու համար կգնա այդպիսի ռազմավարական պայմանագիր կնքելու ճանապարհով»,- ասել է Արա Պողոսյանը:

Քաղաքագետի խոսքով՝ այդ պայմանագիրը պետք է նաև Թուրքիային, որի միջոցով էլ կլուծվի համաթյուրքական խնդիր:

«Ադրբեջանի համար խաղաղության պայմանագիրը սոսկ հայ-ադրբեջանական խնդիր չէ, այս պայմանագիրը պետք է լուծի համաթյուրքական խնդիր: Դրա մասին են վկայում նաև թուրքական կողմի հայտարարությունները:

Ընդ որում, ունեմ վստահություն, որ այդ պայմանագիրը կկնքվի այն ժամանակ, երբ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև համատեղ կոնսենսուս կձևավորվի այդ պայմանագրի դրույթների շուրջ, և երկու պետությունները համոզված կլինեն, որ իրենց երկարաժամկետ ռազմավարության իրականացման ճանապարհին այդ պայմանագիրը կօգնի, այլ ոչ թե՝ հակառակը: Միայն այդ դեպքում է, որ կլինի պայմանագրի ստորագրում:

Դրանից հետո մնացած բանակցությունները լինելու են այնքան ժանմանակ, քանի դեռ ադրբեջանական ու թուրքական կողմերը չեն որոշի, որ պատեհ առիթն է կնքելու խաղաղության պայմանագիր ու ադ պահին կնքվելիք խաղաղության պայմանագրով ավելին հնարավոր կլինի ստանալ Հայաստանից»,- եզրափակել է Արա Պողոսյանը: