«Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» միջազգային գիտաժողով՝ Մատենադարանում

17 Հունիսի 2023, 19:55

Մշակույթ

Միջնադարի մեծ մտածող, բանաստեղծ, աստվածաբան ու երգահան Ներսես Շնորհալու (Կաթողիկոս Ներսես Դ Կլայեցի) մահվան 850-րդ տարելիցն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում:

Մաշտոցյան Մատենադարանը` որպես միջնադարյան հայ գրավոր մշակույթի կարևորագույն կենտրոն, այս հոբելյանի առթիվ կազմակերպում է «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողով, որը նպատակ ունի վերարժևորել ու նորովի գնահատել Ներսես Շնորհալու բացառիկ դերն ու նշանակությունը հայ միջնադարյան գրականության և մշակույթի մեջ: Գիտաժողովին մասնակցելու են հայ և օտարազգի անվանի հայագետներ:

Գիտաժողովն անցկացվելու է հունիսի 21-23-ը Մատենադարանում: