Իրանը կարող է պրոքսի խմբերով ապակայունացնել վիճակն Ադրբեջանում․ Արթուր Խաչիկյան

02 Նոյեմբերի 2024, 11:14

Կարծիք | Քաղաքականություն

Իրանն իրեն բավականին վստահ է զգում, քանի որ գիտեն՝ կարող են սեփական և ռուսական ՀՕՊ-երի միջոցով կանգնեցնել Իսրայելի հարվածները։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։

«Դոնալդ Թրամփն ամբողջովին սատարում է Իսրայելին։ Տեսանք պատասխան հարված Իրանի դեմ, որը բավականին զուսպ էր։ Ըստ որոշ աղբյուրների՝ եղել են զգուշացումներ ԱՄՆ-ի, որոշ արևելյան պետությունների կողմից, որ նրանք պատերազմ չեն ցանկանում, բայց Իսրայելը զգուշացրել է, որ մի քանի հարված է լինելու։ Բայց Իրանն էլ իրեն բավականին վստահ է զգում, քանի որ վստահ են, որ կարող են սեփական և ռուսական ՀՕՊ-երի միջոցով կանգնեցնել այդ հարվածները։ Վտանգն այն է, որ կարող են կրկին հարվածներ լինել, և Իրանն այդ դեպքում կփոխի դիրքորոշումը և կսկսի միջուկային զենք ստեղծել։ Եթե նման մեծ պատերազմ լինի, Իրանը ոչ մի կերպ չի կարողանա ապահովել Հայաստանի անվտանգությունը, կանխել Սյունիքի կամ Զանգեզուրի միջանցքի բացումը»,- նշեց Խաչիկյանը։

Հարցին՝ Ադրբեջանը կխառնվի՞ Իրան-Իսրայել հակամարտությանը, Խաչիկյանն ընդգծեց․

«Կարծում եմ՝ Ալիևը խելացի դիվանագետ է, և նա իրեն զգույշ կպահի Իրան-Իսրայել հակամարտության դեպքում, նա չի ցանկանա ընդգրկվել այդ պատերազմի մեջ, քանի որ դրանից հետո տարիներով ու տասնամյակներով ադրբեջանցիները կզգան դրա հետևանքները, քանի որ Իրանը պրոքսի խմբերով կարող է ապակայունացնել վիճակը Ադրբեջանում։ Կարծում եմ՝ Ադրբեջանը կշարունակի պահել թուրքական գիծը, և հենց այնպես չեն ընդգրկվի պատերազմի մեջ»,- եզրափակեց Խաչիկյանը։

Հիմա եթերում