Կառավարությունը ՀԷՑ-ի բաժնետոմսերը հանրային գերակա շահ ճանաչեց․ դրանք կօտարվեն հօգուտ պետության
15 Հոկտեմբերի 2026, 11:30
Կառավարությունն այսօրվա նիստում հանրային գերակա շահ ճանաչեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը՝ պետությանն օտարելու նպատակով։
Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քաղաքական առումով ՀԷՑ-ի հարցը ապօրինի գույքի վերադարձի գործընթացի անբաժանելի մասն է։
«Ժողովրդից տարվածը վերադարձվում է ժողովրդին»,– ասել է Փաշինյանը։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ հանրային գերակա շահի սկզբունքը պետությանը միջամտելու հնարավորություն է տալիս այն դեպքերում, երբ վտանգվում է քաղաքացիների՝ անխափան և անվտանգ ծառայություններ ստանալու իրավունքը։
Կառավարության հիմնավորման համաձայն՝ էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը ռազմավարական ենթակառուցվածք են, որոնց աշխատանքի խափանումը կարող է հանգեցնել սոցիալական, տնտեսական և անվտանգային լուրջ հետևանքների։ Այդ պատճառով պետությունն, ըստ որոշման հեղինակների, ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավոր է միջամտել, երբ անհրաժեշտ է ապահովել պետության և հասարակության անվտանգությունը։
Նախագծով ՀԷՑ-ի բաժնետոմսերի օտարման գործընթացի ավարտի վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի հոկտեմբերի 1-ը։
Օտարման ենթակա են ընկերության 246 հազար 423 բաժնետոմսերը, որոնց ընդհանուր անվանական արժեքը կազմում է 20 միլիարդ 674 միլիոն 889 հազար 700 դրամ։ Դրանցից 172 հազար 496-ը՝ մոտ 70 տոկոսը, պատկանում է «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը, իսկ 73 հազար 927-ը՝ մոտ 30 տոկոսը, «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդին»։