Լեոնիդ Ազգալդյան. Անպարտ հրամանատարը

22 Նոյեմբերի 2024, 22:40

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Նոյեմբերի 22-ը ֆիզիկոս, «Ազատագրության բանակի» հրամանատար և համահիմնադիր Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է։

Լեոնիդ Ազգալդյանը ծնվել է 1942թ. Թբիլիսիում։ Սովորել է Երևանի՝ Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1960 թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը և այն փայլուն ավարտել է՝ ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։ Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել է պլանավորման մեթոդաբանությամբ և կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, գիտական ուսումնասիրությունների ավտոմատացված համակարգերի հարցերով։

Ազգալդյանը Ղարաբաղյան շարժման առաջնորդներից էր, 1990-ի փետրվարից ծրագրել և կազմակերպել էր Հայաստանի մի քանի շրջանների և Ղարաբաղի պաշտպանությունը: 1991թ. Հովսեփ Հովսեփյանի հետ հիմնադրել է «Ազատագրման բանակը», ռազմական կազմակերպություն, որը կոչված էր պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը:

Ֆիզիկոսն ուսումնասիրել է ռազմական արվեստը։ Հետագայում նա դարձել է ականավոր հրամանատար՝ չունենալով ռազմական կրթություն։ Նա երբեք չի դադարել ինքնակրթվել. պատերազմական գրքերը միշտ նրա հետ են եղել: Նա առաջնային խնդիր էր համարում բանակի ստեղծումը և ասում էր, որ հաղթանակները կարող են հավասարվել զրոյի, եթե կանոնավոր բանակ չստեղծվի։ Ազգալդյանը Աշոտ Նավասարդյանի հետ եղել է «Անկախության բանակի» հրամանատարը, իսկ 1991թ-ին Հովսեփ Հովսեփյանի հետ հիմնադրել է Արցախը պաշտպանող «Ազատագրական բանակը»:

Ազգալդյանը մշակել է գաղափարական մարտիկների դաստիարակության իր սեփական համակարգը, ըստ որի՝ «ոչ թե պետք է մեռնել հանուն հայրենիքի, այլ կռվել ու հաղթել»: Մեծ ուշադրություն է դարձվել մարտիկների ֆիզիկական պատրաստվածությանը։ Եվ ինքը՝ հրամանատարը ևս մարզվում էր և շատ առումներով նույնիսկ գերազանցում երիտասարդներին։ Ազգալդյանի մոտ գործում էր «մարզումների ժամանակ շատ քրտինք, մարտում՝ քիչ արյուն» սկզբունքը։

Ազգալդյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, իսկ 2019 թվականին հետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ:

Լեոնիդ Ազգալդյանը զոհվել է 1992 թ. հունիսի 21-ին՝ Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ։