«Դասականը միաձուլել ֆոլկին»․ սա է երգիչ Էդգար Խաչատրյանի այցեքարտը
21 Հունիսի 2023, 11:59
Էդգար Խաչատրյան արտիստի ձայնը անհնար է շփոթել այլ ձայների հետ։ Նրա արվեստի երկրպագուները դժվարանում են պատասխանել՝ իրենց ժողովրդական երգիչ Էդգար Խաչատրյանն է դուր գալիս, թե՞ օպերային։ 2023 թվականի ապրիլի 30-ին ԱՄՆ Գլենդել քաղաքի Hay School-ի «Glendale performing art center» դահլիճում տեղի ունեցավ Համազգայինի 95- ամյակին և Համազգայինի արևմտյան Ամերիկայի 55 -ամյակին նվիրված համերգ, որտեղ Էդգարը ներկայացրեց հայ կոմպոզիտորների մի շարք գործեր՝ «Սայաթ Նովա» երգչախմբի և «Սինֆոջազ» նվագախմբի մասնակցությամբ, գրում է News.am Style-ը:
Հանդիսատեսը տևական ժամանակ չէր լքում դահլիճը ու երգչին ծափողջյուններով մի քանի անգամ բեմ հրավիրեց։ Առաջին անգամ չէ, որ Էդգարը հանդիսատեսի կողմից նման գնահատականի է արժանանում, իր յուրահատուկ երգեցողության շնորհիվ։ Նա հայ երգարվեստի այն քիչ ներկայացուցիչներից է, ով ունի կատարողական ոճ, որը հատուկ է միայն իրեն։
Բնությունից օժտված հզոր ձայնը, երաժշտական բարձր ճաշակը, բարձրագույն վոկալ կրթությունը թույլ են տալիս նրան նորարարությամբ հանդես գալու։ Էդգարը դասական և ֆոլկ երգեցողությունները միաձուլել՝ «միքսել» և ստացել է մի ուրույն երգելաոճ։ Նա ժողովրդական, կոմպոզիտորական երգերը ներկայացնում է իր ձեռագրով, նոր շնչով՝ չհեռանալով բնօրինակից։
Հենց դա էլ նրա այցեքարտն է, որով նա ներկայանում է համերգներին, ու հայ երգը հնչեցնում աշխարհի տարբեր բեմերում։ Նրա համերգային շրջագայությունների աշխարհագրությունը շատ լայն է՝ Իտալիա, Ֆրանսիա, Հոլանդիա, Դանիա, Ուկրաինա, Անգլիա, Քուվեյթ, Դուբայ, Եգիպտոս, Կորեա, Թուրքիա և այլն:
Տարիների ընթացքում Էդգարը համագործակցել և աշխատել է տարբեր դիրիժորների հետ, նաև օպերայի նվագախմբի, Հայաստանի ազգային նվագարանների անսամբլի, սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Հատկապես տպավորիչ է ու մինչ օրս հանդիսատեսը հիշում է նրա «Սասունցի Դավիթում»՝ Ձենով Օհանի դերերգը։
Հիշարժան է նաև մեկ այլ կատարում՝ ՀՀ ժողովրդական արտիստ և աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի՝ հեղինակային «Երկրաշարժ» երգը: Հետևաբար պատահական չէ, որ 2011 թվականին նա պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով՝ Հայ ազգային երգարվեստում նշանակալի ավանդի համար:
Էդգարն արդեն 2 տարի է բնակություն է հաստատել ԱՄՆ–ում։ Առաջին իսկ օրվանից ձեռնամուխ է եղել հայ երգի տարածման ու հանրահռչակման գործին։ Այս երկու տարիների ընթացքում նա մի քանի համերգներ է ունեցել ԱՄՆ –ի Լոս Անջելես քաղաքում, որին ներկա է եղել ոչ միայն հայ, այլ նաև օտարազգի հանդիսատես։ Այս աշնանը Լոս Անջելեսում մեծ պրեմիերա է սպասվում. երաժշտասեր հանրությանը ներկայացվելու է Կոմիտաս։
Կոմիտասի դերերգով հանդես է գալու Էդգար Խաչատրյանը։ Պատահական չէ նրա ընտրությունը՝ քանի որ իր ստեղծած ոճի շնորհիվ այն է՝ դասականի ու ժողովրդականի միաձուլում, Կոմիտասի երգերը այլ ու յուրահատուկ հնչողություն են ստանում։ Ի դեպ նա այն եզակի երգիչներից է, ում կոմիտասյան կատարումներն ընդգրկվել են «Նարեկացի» արվեստի միության կողմից հրատարակված «Հարսանյաց ծեսն ու Կոմիտասը» ձայնասկավառակում։