Պուտինը Միխայիլ Պիոտրովսկուն պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով

08 Դեկտեմբերի 2024, 22:00

Հայեր

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: Այս մասին ասվում է ՌԴ նախագահի հրամանագրում։

Թանգարանի ղեկավարը պարգևատրվել է «մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար», — ասվում է փաստաթղթում:

Միխայիլ Պիոտրովսկին ծնվել է 1944 թվականին, Երևանում։ Հայրը՝ Բորիս Պիոտրովսկին, հռչակավոր արևելագետ էր, Հովսեփ Օրբելու ասպիրանտը։ 1930 թվականին գործուղվել էր Հայաստան՝ հնագիտական պեղումների և պատմագիտական հետազոտությունների համար։ 1968 թվականին եղել է Էրեբունի բերդի հայտնաբերողներից մեկը։ Մայրը՝ Հռիփսիմե Ջանփոլադյանը, նույնպես հայտնի հնագետ էր։

Պիոտրովսկու մանկության մի հատվածն անցել է Երևանում, այնուհետև ընտանիքով տեղափոխվել են Լենինգրադ, սակայն, ինչպես նա է պատմել, ամեն տարի ամռանը եղբոր՝ Լևոնի հետ եկել են Երևան՝ տատիկի մոտ, քանի որ մայրը հոր հետ միասին մասնակցում էր հնագիտական տարբեր արշավանքների: Պիոտրովսկու խոսքով՝ նա մեծացել է հայկական ընտանիքում, որտեղ տիրում էին արևելյան բարքերը: