Թուրքիայում «Նեմեսիս»-ի արձանի վերաբերյալ մեր պատվիրակությանը որևէ պահանջ չի ներկայացվել. Թունյան

10 Մայիսի 2023, 12:46

Կարծիք | Հայեր

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի քննարկել «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի ապամոնտաժման հարցը: Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Նրա համոզմամբ՝ հուշակոթողի տեղադրումը հայ-թուրքական հարաբերություններում դժվարություններ է առաջացրել, ինչը, սակայն, հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով:

«Թե ինչ հանգուցալուծում կունենա, ես չեմ կարող ասել, որովհետեւ այդ թեմայի շուրջ ես բավարար ինֆորմացիա չունեմ»,- ասել է Բաբկեն Թունյանը:

Հարցին, թե Թուրքիայում Հայաստանի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը ուղիղ ասվե՞լ է, որ պետք է արձանը հեռացվի, հակառակ դեպքում լուրջ հետեւանքներ կլինեն, Բաբկեն Թունյանն ասել է.

«Հայկական պատվիրակությանը նման բան չի ասվել, որովհետեւ հայկական պատվիրակության լիազորությունները, քննարկվող հարցերի շրջանակը հարց տվողները շատ լավ գիտեն: Ես ասացի, որ տվյալ հարցը քննարկվել է Հայաստանի ու Թուրքիայի խորհրդարանների խոսնակների միջեւ եւ դրանից ավել խոսակցություն կամ ուղիղ տեքստով որեւէ պահանջ մեր պատվիրակությանը չի ներկայացվել»: