«Տուղ» պետական արգելոց ստեղծելու Ալիևի հրամանը ազդարարում է հայկական մշակութային ժառանգության այլափոխումների և ավերումների նոր շրջանը

24 Հունիսի 2023, 17:20

Մշակույթ

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«2023 թվականի հունիսի 16-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի  պաշտոնական կայքում տեղադրվել է վերջինիս հրամանը՝  Տող գյուղի պատմական տարածքը հայտարարել «Տուղ» պետական ​​պատմա-ճարտարապետական ​​և բնական արգելոց՝ հիմք ընդունելով Ադրբեջանի Սահմանադրության 109-րդ հոդվածի 32-րդ կետը:

Որպես արգելոց ստեղծելու «հիմք» նշվում է, որ «Տուղը պատմական այն բնակավայրերից մեկն է, որ ցուցադրում է ադրբեջանական ժողովրդի պատմական անցյալը: Այստեղ գտնվող հուշարձանները վերաբերում են Կովկասյան Աղվանքի հնագույն ժառանգությանը: Այստեղի բնակելի համալիրները, դրանց զարդարանքները, ինչպես նաև տաճարները, աղբյուրները, գերեզմանաքարերը բնորոշ են Ղարաբաղի շրջանի ճարտարապետական ոճին: Բնակավայրն ունի հարուստ բնական ներուժ և էկոլոգիական ռեսուրսներ: Բնակավայրի՝ Շուշի տանող ճանապարհին մոտ գտնվելը մեծացնում է նրա զբոսաշրջային ուղիով զարգացման հնարավորությունները»:

Հրամանում նշվում է, որ արգելոցը ձևավորելու համար տրվում է երկու ամիս ժամկետ տեխնիկական հարցերի, կառավարման համակարգի և արգելոցի սահմանների ճշգրտման համար:

2020 թվականին 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանն օկուպացրեց Արցախի Հանրապետության Հադրութի շրջանն ամբողջությամբ: Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվեցին Հադրութի շրջանի պատմական բնակավայրերն իրենց հարյուրավոր բազմաբնույթ հուշարձաններով՝ ամրոցներ և բերդեր, եկեղեցիներ, վանքեր, մատուռներ, ժողովրդական սրբատեղիներ, ապարանքներ, պատմական գյուղատեղիներ, հնավայրեր: Հադրութի շրջանն իր հնամենի բնակավայրերով և հուշարձաններով հայ ինքնության կարևորագույն օջախներից է, իսկ Տողը՝ Դիզակի իշխանության և մելիքության կենտրոնն ու Արցախի պատմական, քաղաքական, մշակութային, օջախներից մեկը: Շրջանի բռնագրավումից հետո պաշտոնական Ադրբեջանն առաջին հերթին սկսեց յուրացնել հենց Հադրութի շրջանը: Կազմակերպվեցին այսպես կոչված ուդիական համայնքի ներկայացուցիչների այցերը Տող, ապա նաև Հադրութ, Ծակուռի, ուր շրջանի և ամբողջ Արցախի հայկական ժառանգությունը հայտարարվում էր աղվանա-ուդիական, իսկ Տողը՝ հնագույն աղվանա-ուդիական, ադրբեջանական բնակավայր:

Պատմական Հադրութի շրջանի յուրացման գործում իր ակտիվ դերն ունի Ադրբեջանի նախագահը, ով Արցախի օկուպացված շրջաններ այցելելիս, այդ թվում և իր ընտանիքի անդամների հետ, բավական մեծ տեղ է հատկացրել Տող, Հադրութ բնակավայրերին: Այսպիսի այցերից մեկի ժամանակ Իլհամ Ալիեվն իր կնոջ և ընտանիքի անդամների հետ եղավ նաև օկուպացված Ծակուռի գյուղում, որի եկեղեցում էլ հյատարարեց, թե բոլոր այդ հուշարձանները հայկական չեն, այլ աղվանական, որ կեղծ են նրանց վրայի հայերեն արձանագրությունները, խաչերը, և որ ադրբեջանական կողմը այդ հուշարձանները բերելու է սկզբնական, պատմական տեսքի: Նույն Տող գյուղի տարածքում գտնվող եկեղեցիների, մատուռների, մելիքական ապարանքների, աղբյուրների, տների վրա կան տարբեր դարերում արված բազմաթիվ հայերեն արձանագրություններ, և նախագահի նման հայտարարությունները կանխորոշում են դրանց ճակատագիրը: Պարզ է, որ  արգելոցի ստեղծման  նպատակը այդ տարածքում պատմական հայկական անցյալի վերացումն է ու մշակութային ժառանգության այլափոխումը:

Պատահական չէ նաև, որ Արցախի օկուպացված տարածքներում Իլհամ Ալիևի կողմից առաջին մզկիթներից մեկի հիմնարկեքը կատարվեց Տողից ոչ հեռու գտնվող Հադրութ քաղաքում (մանրամասն տես՝ Նոր մզկիթների հիմնարկեք՝ Արցախի օկուպացված հայկական բնակավայրերում — Monument Watch): Նույն Հադրութ քաղաքում ադրբեջանական կողմը ավերել է քաղաքի պատմական կենտրոնն այն «պատճառաբանությամբ», թե այն պետք է վերականգնվի այլ մշակութային ինքնության համար:

Տող մելիքանիստ գյուղը Արցախի հարավային թևի քաղաքական, հոգևոր կենտրոններից էր։  Այդ մասին են վկայում գյուղի և նրա շրջակայքի բազմաթիվ հուշարձաններն իրեց բազմաթիվ և բազմապիսի  հայերեն արձանագրություններով: Տողի կենտրոնում է գտնվում մելիքանիստ ապարանքը, որը կառուցել է Դիզակի մելիքության հիմնադիր Մելիք-Եգանը: Մելիքն իր ապարանքի մուտքի վրա թողել է ընդարձակ մի արձանագրություն, որում ի մասնավորի ասում է, որ երբ օսմանցիները գրավում են Դիզակը` «Ես թողեց/ի ոչ Հայեասդա/նաս/ եսիր գալու»` Ես չթողեցի որ իմ Հայաստանից գերի ընկնեն:

Հուշարձանի տարածքը 2009-2011 թվականներին ենթարկվել է հնագիտական հետազոտության, որի արդյունքում վավերացվել են կիսաքանդ և ամբողջական տարբեր կառույցներ` այդ թվում գլխատան տեսքով մեծ դահլիճը, ձիանոցը, տնտեսական նշանակության որոշ կառույցներ, ինչպես նաև արժեքավոր հնագիտական նյութեր: Պատերազմից առաջ հուշարձանի շենքերի մի մասը վերականգնվել կամ ամրակայվել են: Թանգարանի վերածված ընդունարանն ամբողջությամբ վերականգնված էր: Պատերազմի ընթացքում, բնակչության կողմից գյուղը լքելուց հետո թանգարանում են մնացել բոլոր ցուցանմուշները: Դատելով տարածված տեսանյութերից՝ հուշարձանի արտաքին տեսքը 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո չի խաթարվել:

Մեր արձագանքը

Հայկական ժառանգությունը հռչակելով աղվանական կամ ուդիական և այն յուրացնելով՝ ադրբեջանական կողմը  միանշանակ մշակութային ցեղասպանություն է իրականացնում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության» կոնվենցիայից, 1994 թ․ Ճապոնիայում ընդունված իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից ելնելով՝ Հայկական մշակութային ժառանգությունն այդպիսով կորցնում է իր հիմնական արժեքը, զրկվում իսկության և ամբողջականության հատկանիշներից։

Բացի այդ, ըստ «Զինված բախումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի 4-րդ հոդվածի և  1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի՝ արգելվում է  մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, ինչպես նաև դրա օգտագործման ձևի փոփոխությունը, նպատակ ունենալով թաքցնել կամ ոչնչացնել մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները:

Թիրախավորելով արցախահայության քրիստոնեական ժառանգության խորհրդանիշները, խաթարելով քրիստոնեական ծիսակարգի իրական ավանդույթը Ադրբեջանը խախտում է նաև 2001 թ. «Մշակութային բազմազանության պաշտպանության մասին» և 2005 թ. «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիաների դրույթները, որոնց անդամ է։

Այսպիսի քաղաքականությունը խտրական վերաբերմունք է, որը խախտում է նաև «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով» ամրագրված մտքի, խղճի, դավանանքի ազատությունը և այդ ազատության հետևանքով ստեղծված ժառանգությունը իր ուզած ձևով արժևորելու իրավունքը։  Բացի այդ` 2005 թ․ հոկտեմբերի 13-ին Ֆարոյում (Պորտուգալիա) ԵԽ նախարարների կոմիտեի կողմից ընդունված «Մշակութային ժառանգության նշանակությունը հասարակության համար» կոնվենցիան ևս շեշտում է, որ մշակութային ժառանգությունը պետք է պահպանվի իր բնականության և իսկության սկզբունքներով։

«Տուղ» պատմաճարտարապետական և բնության պետական արգելոց ստեղծելու Իլհամ Ալիևի   հրամանը  ազդարարում է հայկական մշակութային ժառանգության  այլափոխումների և ավերումների հայտարարություններին հաջորդող և դրանք իրականացնող նոր շրջան»։