Ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել Հադրութի կենտրոնական գրադարանը

10 Մայիսի 2023, 16:19

Հայեր

Ադրբեջանցիներն ավերել են բռնազավթված Հադրութ քաղաքի կենտրոնական գրադարանը, «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Հադրութի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Վարսիկ Ամիրջանյանը, որ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեսանյութում է նկատել, որ շինությունը բացակայում է:

«Հադրութի կենտրոնական գրադարանի շենքը կառուցվել էր դեռևս 1932 թվականին: Ադրբեջանցիների հրապարակած տեսանյութից  երևում է, որ գրադարանի շենքից գրեթե ոչինչ չի մնացել»,- ասել է գրադարանի տնօրենը։ 

Նրա խոսքով՝ 2020 թվականի տվյալներով, գրադարանի ֆոնդը կազմում էր մոտ 39 հազար 720 կտոր գիրք։

«Մոտ 750-800 ընթերցող ունեինք: Այս պահին գրքային ֆոնդից տեղեկություն չկա»,- նշել է Ամիրջանյանը՝ հավելելով, որ դիմելու են Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդին՝ ադրբեջանական մշակութային հերթական վանդալիզմի դրսևորման մասին միջազգային ատյաններում բարձրաձայնելու համար: